Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավատացնում եմ ձեզ սիրո անունով, որ իմ լեզվիս պակասում են ա՛յն կենդանի բառերը, որոնցով կարող լինեի բացատրել իմ հոգեզմայլությունը և իմ ուրախալի զգացմունքները...։ Իսկապե՛ս երջանիկ է իմ տան շեմքը՝ երբ ձեր ոտները կոխում են նրան. ձեր առաջ պետք էր մատաղներ զոհել[1], բայց ներեցեք, պաս օր է. դրանց փոխարեն իմ հոգիս ձեզ մատաղ, զավակս ձեզ ծառա, տուն ու տեղս ձեզ ընծա...։ Ա՜նչափ բարի է ձեր գալուստը, հազար բարի... իմ աչքիս, իմ գլխիս վրա տեղ ունիք, ազիզ խնամիներ. համեցե՛ք, համեցեք, խնդրեմ, Սկուհի, Սալլաթին, սիրականներ։

Սիրալի գրկախառնությունից և ջերմ համբույրներից հետո տիկին Սկուհին, որ յուր լեզվի արևելյան քաղցրախոսության արվեստով յուր խնամիից պակաս չէր, այսպես խոսեց.

— Այդ ձեր անուշ, անուշ խոսքերը, ազնիվ խնամի, ճշմարիտ, մեղրից և շաքարից համեղ են...։ Ի՜նչ պետք է մատաղը, երբ անկեղծ բարեկամության մեջ, անկեղծ սերը՝ միշտ յուր աստվածահաճո զոհաբերությունն ունի, սուրբ և անխարդախ սերը, որ ա՜յնքան քաղցր և ախորժելի է, որ մարդ չէ կշտանում նրանից՝ միակ երկնային բարիքն է։ Դա աստվածեղեն է, դա աստուծո հոգուց է կաթել մարդկանց սրտերի մեջ, և շաղկապում է մեզ, որպես միմյանց՝ նո՛ւյնպես և երկնքի հետ։

— Սուրբ Գևորգը,— երդվեց տիկին Թարլանը,— իմ սրտի ուրախությունը, իմ հոգու հանգստությունը, բոլո՛րը, բոլո՛րը՝ ձեզնից է կախված։ Ես ձեզնո՛վ եմ շնչում, ձեզնո՛վ եմ ապրում... առանց ձեզ՝ իմ օրը, իմ արևը սև է, առանց ձեզ՝ իմ կյանքը խավար է։

Տիկին Սալլաթինը, որ հեռուն կանգնած, լուռ և անխոս, զարմանում էր նրանց այնքա՛ն ավելորդ սեթևեթանքի վրա, որով արևելցին գիտե հեղեղել յուր զգացումները, յուր սրտի ջերմ և կրակոտ կրքերր, կտրեց նրա խոսքը, ասելով.— Խնամի Թարլան, տարակույս չկա, որ դուք և իմ քույր Սկուհին անչափ սիրում եք միմյանց, որպես ձեր սրտի համակրությունը ցույց է տալիս... բայց կարծեմ ձեր ժամանակը անցնում է, պետք է ձեր կտուրը բարձրանալ և կրակը վառել...։

— Հա՛, ուշ է, միայն ես ձեզ էի սպասում, որ միասին վառենք կրակը,— պատասխանեց տիկին Թարլանը։

  1. Պարսկաստանում սովորություն է մատաղ մորթել շահզադաների, խաների և դատավորների առջև, քաղաքից ներս մտած ժամանակ նաև այսպես պատվում են երևելի հյուրերին, երբ մտնում են իրանցից ստորադաս մարդկանց տուն։