Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց հրամայեցեք, որ օրիորդ Սալբիին այստեղ կանչեն, որ մեզ հետ միասին կտուրը բարձրանա, — ասաց տիկին Սկուհին։

Տիկին Թարլանը հրամայեց Նազանիին՝ բարձրահասակ օրիորդ աղախնին, որ գնա օրիորդ Սալբին կանչե։

Օրիորդ Սալբին, ամենևին ուշադրություն չդարձնելով, թե ինչ էր կատարվում յուր շրջակայքում — գյուղի մեջ, միայնակ առանձնացած յուր սենյակի մեջ, նույն ժամանակ խորին ուշադրությամբ մի գիրք էր կարդում, երբ Նազանին ներս մտավ, հայտնեց թե մայրը և խնամիները դրսում սպասում էին նրան։

— Ի՞նչ են կամենում նրանք,— հարցրուց օրիորդը սառնությամբ։

— Մի՞թե չգիտես, Սալբի,— պատասխանեց Նազանին ծիծաղելով.— այսօր տյառընդառաջ է, կտուրների վրա կրակ են վառում, և նորահարսերը և հարսնացու աղջիկները կրակի շուրջը ման են ածում...։

— Գիտեմ, միայն, Նազանի, ես զրադաշտական մոգպետի պաշտոն չեմ կամենում կատարել։ Գնա՛։ Ես չեմ գալու, թող իրանք վառեն այդ կրակը... դու գիտե՛ս, ես կռապաշտություն չեմ սիրում...։

— Ամա՜ն, Սալբի, քո հոգուն մատաղ, քեզ սպասում են, մայրդ կբարկանա, եթե չգաս։ Գնանք, թե ինձ կսիրես, ի՞նչ վնաս ունի, երբ նրանք շնորհակալ կլինեն քեզնից։ Տիկին Սալլաթինը ևս այնտեղ է։

— Տիկին Սալլաթինը այնտե՞ղ է, ուրեմն կգամ, — ասաց օրիորդ Սալբին, և վեր կացավ, որ գնա։

— Այսպես չէ՛ կարելի,— նրան կանգնեցնելով ասաց Նազանին.— դուք ձեր գլխի վրա գոնե մի քող ձգեցեք, այդպես բաց երեսով ամո՛թ է[1]։

— Հա՛ նրանք սիրում են տեսնել ամեն ինչ վարագուրած, պարուրած և կապկապած,—ասաց նա խորհրդական ոճով, և ձգելով յուր գլխի վրա մետաքսե կարմիր քողը, դուրս եկավ մինչև կուրծքը ծածկած երեսով։

Խնամիները և Սալբիի մայրը բակում սպասում էին նրան։ Երբ տիկին Սկուհին հեռվից տեսավ յուր հարսնացուին, յուր սիրելի որդի Ռուստամի նշանածը.— «Ե՛կ, համբուրեմ քեզ, իմ սիրական,—

  1. Պարսկաստանում մանուկ օրիորդները ման են գալիս երեսները բաց մի տեսակ արախչինի նման գդակ իրանց գագաթին դրած, բայց նշանվելուց և պսակվելուց հետո, այլևս չէր կարելի նրանց երեսները տեսնել մինչև հողը նրանց ծածկեր և անհետացներ աշխարհի երեսից...։