Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«պարսկական բարբառը»։ Այսպիսին են եղել գաղափարական այն ակունքները, որոնք նպաստել են Րաֆֆու լուսավորական հայացքների ձևավորմանը 1850-1860-ական թվականներին։

Իր լուսավորականության մեջ Րաֆֆին տիրապետող իրականության քննադատն է։ Նա ձգտում է այն բանին, որ փոխվի հայ ժողովրդի ապրած դժբախտ վիճակը, խորապես հավատացած լինելով, որ հարազատ ժողովուրդը` «քաջ, խելոք ազգը»-«ի՞նչպես բանալու չէ մտքի փակված պատուհանները, ընդունելու լուսավորության շողը։ Նա պողովատի նման ունի սաստիկ ձգտողություն դեպի ուսման մագնիսը»[1]։

Լուսավորել ժողովուրդը, լուսավորել ազգը-սա Րաֆֆու պահանջն է։ Համեմատելով քաղաքակիրթ ազգերին հայ ժողովրդի հետ, Րաֆֆին գրում է. «Այժմուս ազգը յուր տգիտության բանտի մեջ, ճգնավորների աղոթքին և վանականների աղերսանքին այնքան կարոտություն չունի, որքան փափագում է կրթության և քարոզության ախտահալած դեղին, այն զարթուցանուլական ձայներին, որ լսելով սթափվի յուր մահահրավեր թմրութենից, փակած աչքերը բանա և տեսնի լուսավոր աշխարհը, լուսավոր ազգերը, ինքն ևս աշխատի հասնել լուսավորության, ուրեմն և բարվոքել յուր գրությունը»[2]։

Ազգի լուսավորության հարցն արծարծող Րաֆֆին ընդառաջում էր ազգի կազմավորման պրոցեսի պահանջներին։ Նա տեսնում է, որ շատ ժողովուրդներ արդեն ինքնորոշված և անկախ են։ Նա ցանկանում է, որ հայ ժողովուրդը ևս ինքնորոշվի և ապրի իր ազգային անկախությամբ։ Րաֆֆին հավատացած էր, որ «ազգայնության գաղափարն» էպոխայի առաջնորդող գաղափարն է, և որ «նա տնօրինում է և բարվոքում մեր բարոյական և նյութական դրությունը, նա արտադրում է մեզ մեր մարդկայնության իրավունքները»[3]։ «Ամենայն հայ, իբրև անգամ հայկական հասարակության, յուր կարողության չափ պարտական է խնամք տանել ազգային մարմնի շինությանը»,— մտածել է Րաֆֆին:

Ինքնորոշված ազգերի կուլտուրական կյանքի դրական փորձը Րաֆֆին միշտ էլ բարձր է գնահատել։ Ֆրանսիան նա համարում է «հեղափոխության օրրան», եվրոպացի բժիշկը «Սալբի» վեպում դրական մարդ է։ Սակայն նա չի հանդուրժում նույն այդ «լուսավոր կոչված ազգերի այժմյան քաղաքականությունը.-այդ մեծ պոռնիկը...-գրում է «Սալբի» վեպի հեղինակը,-այն քաղցրախոս շրթունքների մեջ թաքուցած է մահաբեր թույնը»։ Արևմուտքի բուրժուական կառավարությունները «...այժմ խորամանկ քաղաքականությամբ ծծում են յուրյանց զոհերի արյունը և կողոպտում են նոցա ապրանքը»։ «Մեծամեծ վամպիրներ» -այսպիսի սպանիչ քննադատության է ենթարկել Րաֆֆին աշխարհակալ պետությունները, ասելով, որ «աշխարհի մեծամեծ արյուն թափողների պարծանքը դահիճի պարծանք է և մեծամեծ աշխարհակալների փառքը` մեծ ավազակների փառք»[4]։ Եվ Րաֆֆին համոզված էր, որ լուսավորությունը և քաղաքակրթությունը կարող են բերել այն ժամանակը, երբ «բռնաբարությունը կվերջանա, գերի եղած ազգերը ազատություն

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, ութերորդ հատոր, էջ 291—292, Երևան, Հայպետհրատ, 1957 թ.։
  2. Նույն տեղը, էջ 285։
  3. Րաֆֆի, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 65, Երևան, Հայպետհրատ, 1955 թ.։
  4. Նույն տեղը, էջ 64 և 65։