Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասաց նա մոտենալով — ե՛կ, մի ամաչիր, քեզ, մատաղ լինիմ»։— Այս խոսքերով, նա բռնեց օրիորդ Սալբիի ձեռքը, մոտ քաշեց, և բարձրացնելով նրա երեսի քողը, երկու ջերմ համբույր քաղեց նրա փափուկ, վարդակարմիր թշերից, որոնք նույն րոպեին, ո՛չ այնքան ամոթխածությունից, որքան մի գաղտնի տհաճությունից էին շառագունած։ Օրիորդը փոխարենը համբուրեց տիկին Սկուհու ձեռքը և մոտենալով տիկին Սալլաթինին՝ չհամբուրեց, այլ բարեկամաբար բռնեց և սեղմեց նրա ձեռքը։

— Խնամի Թարլան, հարսնացուն այս տարի բավական մեծացել է,— ասաց տիկին Սկուհին, ոտքից մինչև գլուխ չափելով օրիորդ Սալբիին, որ անշարժ և լուռ կանգնած էր նրանց առջև։

Տիկին Թարլանը չկարողանալով զսպել օրիորդ Սալբիի նկատմամբ յուր տհաճությունը և անգոհությունը, ասաց.

— Է՛հ, ի՞նչ օգուտ մարմնի չափազանց աճելությունը, երանի՜ խելքո՛վ մեծացած լիներ։

— Ձեզ դյուրին է մի այդպիսի անտեղի կարծիք ունենալ Սալբիի մասին, խնամի,— նրա խոսքը կտրեց տիկին Սալլաթինը.— որովհետև, «ձեր երկուսի ջուրը մի առվով չէ՛ գնում»։

— Ի՞նչ եք կամենում ասել,— հարցրուց տիկին Թարլանը։

— Դուք նայում եք երկու հակառակ ծայրերից,— առաջ տարավ տիկին Սալլաթինը,— ձեզ դժվար է հաշտվել միմյանց հետ. նա կրթյալ է և նոր, իսկ դուք անուս եք և հին...։

— Ինչ կամենում եք՝ ասացեք,— նրանց խոսքը կտրեց տիկին Սկուհին.— բայց «քուրդը յուր թանին թթու չի ասիլ». իմ Սալբին, իմ նազելի հարսնացուն, իմ սրտի ուզածին չափ լա՛վ է. խելո՛ք, ազնիվ բնավորությա՛մբ, պարկե՛շտ և ամոթխա՛ծ է։

Տիկին Թարլանը վշտանալով տիկին Սալլաթինի կծու խոսքերի համար, խոսքը փոխեց ասելով.

— Հավատացնում եմ ձեզ, խնամի Սկուհի, այդ բառը, որով դուք կոչում եք իմ աղջիկը ձեր հարսնացու՝ բոլորովին անարժան է նրան, որովհետև ես իմ աղջիկը այն մտքով չեմ տվել, որ ձեր որդու հարսը դառնա, այլ իմ հոժար կամքով եմ նվիրել` որ ձե՛զ համար լինի ստոր աղախին, և ստրուկ ծառա, ձեր ոտքերի սոլ և ձեռների մահրամա[1]։

  1. Անագորույն մայրը կանխապես էր կարդում յուր անբախտ աղջկա դժնդակ ճակատագիրը...։ Արդարև Ասիայի կանայք, ուրիշ ոչինչ չեն քան տնտեսական ծառայությանց մեջ մի անարգ գործիք