Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդ Նազանին, նույն րոպեին հեռուն կանգնած՝ մի այլ դյութական թիլիսմ էր կատարում.— նա կրակով այրում էր յուր գլխին ծածկած քողի ծայրերը։ Այդ նա անում է հավատացած լինելով՝ թե այդպիսով յուր անձը ազատ կպահվի աչահարությունից (բադնազարից)։

Օրիորդ Սալբին հեռվից նշմարելով այդ, մոտեցավ նրան, և ասաց.

— Նազանի, քո ո՞րտեղն է ցավում, որ այդպես ես անում։

— Է՜հ, տրաքեն չար աչքերը,— պատասխանեց նա.— մեր գյուղում աչքով սարը կճեղքեն:

— Դա կազատե՞ քեզ աչքով տալուց,— հարցրուց օրիորդ Սալբին:

— Հա՛, Սալբի, միթե դու չգիտե՞ս։

— Ես գիտե՛մ... բայց դո՛ւ այն պտուղը չե՛ս, որ քեզ աչքով զարկեն. աչքով զարկում են սիրուն աղջիկներին միայն, և ամեն բան, որ գեղեցիկ և հրաշալի է,— պատասխանեց նա կատակով։

— Լավ, լավ, Սալբի, գիտենք, որ դու սիրուն ես. աստված քեզ չար աչքից պահե. բայց ես է՛լ իմ տեղը ունիմ... Մի՛ ծիծաղիր ինձ վրա,— ասաց Նազանին վշտանալով։

— Ուրեմն քեզ համար մի բադնազարի[1] աղոթք գրել տուր և միշտ քեզ մոտ պահիր։

Մինչ դրանք այդպես խոսում էին, հանկարծ մերձակա տանիքից, որ կից էր Հովասաբենց կտուրին, լսելի եղան խառնաձայն աղաղակներ.

— Վա՜յ... վա՜յ... ամա՜ն... ի սեր աստուծո... օգնության հասեք... ազատեցեք... էյվա՜յ... էյվա՜յ... վա՜յ... ողորմություն արեք... ազատեցեք... մեռավ...։

Տիկին Թարլանը յուր խնամիների հետ, և մյուս կտուրներից շատ մարդիկ շուտով այնտեղ հավաքվեցան և տեսան, որ իրանց դրացիի տունը մի մեծ հրդեհով անխնա վառվում էր։ Օգնության հասնող մարդկանցից ոմանք սկսեցին հրդեհը շիջել, և մի քանիսը՝ բոցերի միջից դուրս քաշեցին Հովասաբենց բարի դրկից խղճալի Հայրապետին։

  1. Ասիայում, հայերն ու պարսիկները սովորություն ունին բադնազարի աղոթքներ կտրել տալու իրանց աջ թևի վրա: Այդպիսի թղթերը, կանայք պահելով արծաթի մեջ՝ իրանց վզից են քարշ տալիս։ Պարսիկները քանդել են տալիս այդ աղոթքները իրանց մատանիների հաղեղից ակների վրա։