Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա՜յ, ջուր բերեք, ջուր բերեք,— աղաղակեցին մի քանի մարդիկ։

Թեպետ շուտ կարողացան հանգցնել Հայրապետի վրայի այրվող հագուստը, բայց չկարողացան հետ դարձնել նրա կյանքը, որովհետև ողորմելու ամբողջ մարմինը միանգամայն խորոված լինելով՝ մի փոքր անցած՝ նրա ձեռքերն ու ոտները կծկվեցան, և նա մեռավ։

Ի՞նչ հրդեհ էր այդ։— Նրանց տանիքի վրա վառած նվիրական հուրից մի կայծ, քամու զորությամբ տարվելով, աննկատելի կերպով հրդեհում է ախոռատան բակում դիզած արոտները, և այնտեղից անցնելով, այրում է մի փոքրիկ տնակ, ուր, նույն միջոցին, քնած է լինում խղճալի Հայրապետը, խորին թմրության մեջ՝ հարբած լինելով Բաքոսի ըմպելիքով։

Տիկին Սալլաթինը, նշմարելով այրվածի կնոջ դառն հառաչանքը, սկսեց նրան մխիթարել այս խոսքերով.

— Մի՛ լար, ո՛վ կին, թեև քո մարդը այլևս արևի լույսը չի տեսնելու, դարձյալ նա բախտավոր է, որ հաջողեց մեռնել սակավ մարդկանց համար վիճակված մի փառավոր մահով։ Յուր կյանքը զոհելով նվիրական կրակի բոցերին՝ նա դասվեցավ երանելի մարտիրոսների և սուրբ նահատակների կարգը: Դրա փոխարեն մյուս կյանքում պսակ կընդունե գուցե Որմզդի ձեռքից․․․։

Սգավորը չհասկացավ այդ հեգնական խոսքերի իմաստը և ավելի դառնագին՝ սկսեց լալ։

Բայց օրիորդ Սալբին, մոտենալով, կամաց ասաց տիկին Սալլաթինի ականջին.

— Շատ կարելի է, որ պատվելի այրվածը փոխանակ փառավոր պսակ ընդունելու Որմզդի ձեռքից, արդեն հյուր գնաց Արհմնի մոտ։

— Դու սխալվում ես, Սալբի,— պատասխանեց տիկին Սալլաթինը,— լսո՞ւմ ես, ի՛նչ է խոսում այնտեղ ռամիկը։

Եվ իրավ, բազմության մեջ մի մարդ ասում էր յուր ընկերներին.

— Ա՛յ տղերք, տեսա՞ք, ի՞նչ բախտավոր էր այդ մարդը, մնաց, մնաց, վերջը մի այդպիսի բարի մահով վաճանվեց...։ Ճշմարի՛տ ա, նրա տեղը արքայության մեջտեղն է։ Ի՞նչ օգուտ, քանի որ մեր ազգը հավատ և հույս չունի. եթե մահմեդական մեկը լիներ, հիմա թուրքերը կամ պարսիկները դրա վրա մի գումբազ (մատուռ) էին կանգնել. Ինչո՞ւ: Մուհարլեմի կռիվներում, Քալբլայի ճանապարհում