Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Մեքկայի անապատներում մեռածները ճեննաթի մեջ, Մահմեդի մոտ պիտի գնան, բայց մեր այսօրվա օրումս նահատակվածը՝ արքայություն չի՞ գնալու։

— Խոսքդ շաքարով մուղդուսի Պիրրո,— ասաց մի ուրիշը, ճշմարիտ, ավետարանի միջիցն ես խոսում, և խոսքերդ ջավահիր են, բայց ի՞նչ անես, լսող չկա։

— Արդեն սրբացրին,— ասաց օրիորդ Սալբին.— ե՛կ գնանք. ես մրսում եմ։

— Ո՞ւր գնանք, չե՞ս սպասելու մինչև մայրդ էլ ցած իջնի,— հարցրուց տիկին Սալլաթինը։

— Ո՛չ, նրանք դեռ շատ գործ ունեն, կուշանան, մենք գնա՛նք. մի փոքր տաքանանք։

Նրանք երկուսը միասին ցած իջան կտուրից։ Տիկին Թարլանը յուր սրտի մեջ զայրացավ, որ նրանք մինչև վերջը չսպասեցին։ Տիկին Սալլաթինը օրիորդ Սալբիի հետ մտան վերջինիս սենյակը, ուր նույն րոպեին վառարանում փայտ էր վառվում։ Ո՛րքան մեծ եղավ նրանց ուրախությունը, երբ տեսան, որ Ռուստամը, մի լայն վերարկուի մեջ փաթաթված, դռնից ներս մտավ։

— Սալբի, ես լսեցի ձեր դրկիցիներից մի մարդ է այրվել,— ասաց նա, առանց բարևելու, անփույթ կերպով գնալով նստելով տիկին Սալլաթինի մոտ։

— Հա՛, Հայրապե՛տը,— ցածր ձայնով պատասխանեց օրիորդ Սալբին։

— Դու չէի՞ր տրտմի, եթե այրվողը քո լուսահոգի մայրը չի լիներ,—հարցրուց պարոն Ռուստամը ծիծաղելով։

— Ինչո՞ւ չէի տրտմի,— հարցրուց օրիորդ Սալբին:

— Որովհետև կազատվեինք, որպես դո՛ւ, նույնպես և ես:

— Մի՛թե մենք գերի՞ ենք։

— Դեռ մի բանով պակաս գերիներից...— պատասխանեց պարոն Ռուստամը։

— Ահա մի քանի րոպեից հետո նա վայր կիջնե կտուրից, և ես ստիպված կլինեմ, ակամա քեզ թողնել և փախչել, իսկ այժմ ներս մտա, գիտնալով, որ նա տանը չէր։

— Ինչո՞վ է մեղավոր տիկին Թարլանը,— հարցրուց տիկին Սալլաթինը,— երբ մեր երկրի ու մեր ազգի սովորությունն է, որ երիտասարդ աղջիկները ոչ մի կերպ չպիտի լինեն օտար մարդկանց հետ։

— Զարմանալի հրեշներ են այդ ասիական ազգերը,— պատասխանեց