Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կգտնեն ու նոցա կորուսած ժառանգությունը յուրյանց կդառնան և այնուհետև ոչ մի ազգ չի համարձակվի ավերելու մյուսի հողի սահմաները[1]։

Վիպասանն ունեցել է այն առաջավոր տենչանքը, որ ապագայում «բոլոր աշխարհը մի տուն կդառնա, և բոլոր ազգերը մի տան գերդաստան։ Նոքա միասին կգործեն, միասին կվաստակեն և միասին կուտեն։ Եվ ոչ ոք այն ժամանակ ասելու չէ այս ինչ բանը իմս է, այլ ամենայն ինչ հասարակաց կլինի»[2]։

Իդեալիստական է երիտասարդ Րաֆֆու այն տեսակետը, թե լուսավորությունը փրկության միջոց է, որ նրա շնորհիվ կարելի կլինի լուծել սոցիալական և ազգային կյանքի բոլոր հակասությունները։ Րաֆֆին չի հասնում Ն. Չերնիշևսկու և Մ. Նալբանդյանի ռևոլյուցիոն դեմոկրատիզմին։ Բայց անկասկած և՛ այն, որ նա, իբրև լուսավորիչ, ատում է ստրկությունը և ճորտատիրությունը՝ սրանց բոլոր արտահայտություններով։ Նա հասարակության կյանքի վերանորոգման ջերմ պաշտպան է, իրականության վերափոխման կողմնակից և քարոզիչ։ Նա խորապես համակրում է գյուղացիներին, նրանց շահերն է պաշտպանում, նրանց ազատությունը՝ ստրկությունից և բռնակալությունից։ Վերջապես, Րաֆֆին ձգտում Է ազգային ազատագրության, ամբողջ ազգի փրկությանը օտարի լծից և ազգի վերանորոգությանը։ Րաֆֆին անցյալը չէր քննադատում, նրա լուսավորականության քննադատության առարկան ներկան է․ ներկայի ուժգին քննադատության մեջ է նա տեսել իր կոչումը դեռևս իր գործունեության աոաջին շրջանում:

***

Րաֆֆու գաղափարական զինանոցում առանձնահատուկ նշանակություն են ունեցել նրա էսթետիկական հայացքները։ Նա ինքը խոշոր ուշադրություն է դարձրել գրականության տեսության հարցերին, առաջին քայլերից մինչև իր մահը շարունակ և միշտ գրել և արտահայտվել է այդ հարցերի մասին:

Դժվար է ասել ի՞նչն է նախորդել—գեղարվեստական ստեղծագործությունը էսթետիկական հայացքների մշակմանը, թե՞ հակառակը: Րաֆֆին այն օրինակն է, երբ տեսությունն ու գրական պրակտիկան ընթացել են միաձույլ, օրգանական միասնությամբ։ էսթետիկական հայացքները կենսագործվել են գրական ստեղծագործության մեջ, գրական ստեղծագործությունը եղել է տեսական հայացքների մարմնավորումը։ Մյուս կողմից, Րաֆֆին էսթետիկական իր հայացքներն ըմբռնել է իբրև իր ընդհանուր աշխարհայացքի մի մասը, էսթետիկական, իբրև հասարակական մտածողություն, որի խնդիրն էր որոշել և՛ գրական ստեղծագործության ներքին օրենքները, և՛ իրականության ճանաչողության, այդ իրականության վերափոխման հարցերը։

Րաֆֆու էսթետիկական հայացքները ձևավորվում են 1860-ական թվականների գաղափարական և գրական պայքարի մթնոլորտում, ապա և զարգանում հետագայում, մինչև ութսունական թվականները: Իր բանաստեղծություններով

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 64, Երևան, Հայպետհրատ, 1955 թ.
  2. Նույն տեղում: