Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի րոպեից հետո նա ուշի եկավ, վեր կացավ, և մտաբերելով, որ կրակի օրհնությունը թերի էր մնացել, բռնեց մաշտոցը, և խաչանիշ անելով կրակի վրա, ասաց.

— Այս գրքի միջի բոլոր աղոթքները և օրհնությունները քեզ վրա լինի, ո՛վ սուրբ կրակ։

— Վերջացա՛վ, գնաց...— մյուս կողմից կրկնեց տիրացուն,— այլևս ի՞նչ պետք ծանր ու բարակ կարդալ ամեն մի աղոթք, երբ մի համառոտ խոսքով վերջանում է ամեն ինչ։

Թեպետ այդ միջոցին տեր Մարուքի երևակայությունր պղտորված, և լեզուն ծուլացել էր աղոթքների համար, բայց այնուամենայնիվ նա չկարողացավ մոռանալ յուր սուրբ պարտականությունը — աջահամբույրների նկատմամբ։ Երկու ձեռքով մաշտոցը պինդ բռնեց յուր առջև. ամենից առաջ տիկին Թարլանը մոտ գնաց, համբուրեց գիրքը, ձգելով նրա կազմի վրա գամած բոլորակ պղնձյա խաչի երկու արծաթի դրամ, այնուհետև մյուսները, նույնպես համբուրելով, տալիս էին արծաթ, բայց ո՛չ այն չափով, որքան տիկին Թարլանը բաշխեց, թեպետ խղճալի տեր Մարուքը անդադար հորդորելով ասում էր.

— Օրհնածներ, որքան կարող եք շատ տվեք. քանի շատ տաք, ա՛յնքան առավել վարձք կառնուք, ա՛յնքան առավել հոգու փրկություն կլինի ձեզ։

Մաշտոցի վրա դիզված արծաթները գրպանը լեցնելով, կարծես թե տեր Մարուքը գնալով ավելի և ավելի էր զգաստանում, մանավանդ, երբ նա մի կողմ քաշվելով վեր ածեց այն բոլորը, որ մինչ այդ ամբարվել և ծանրացել էր նրա ստամոքսի մեջ...։ Օրիորդ Նազանին ջուր ածեց, տեր Մարուքը լվաց երեսը և ապականված մորուքը։ Այնուհետև նա բավական սթափվեց, խելքի եկավ, և կրկին կրակի մոտ գալով, վեր առավ մի բուռն մոխիր, ցրվեց տանիքի չորս կողմը, և, մնացածը պատվիրեց տիկին Թարլանին — ամփոփել մի պարկի մեջ, ասելով.

— Խելացի տիկին, պինդ պահիր քո ականջների մեջ քահանայի խրատները, որ կամենում է հայտնել քեզ, թե ինչ խորհրդով հրամայել են մեզ մեր արժանահիշատակ պապերը մինչև մյուս տյառընդաոաջը սուրբ մոխիրը խնամքով պահելու։ Այդ հրաշալի մոխիրը, յուր սքանչելի զորությամբ օգտակար է լինում տնտեսական ամեն բաների մեջ։ Օրինակ, եթե դրանից ցանելու լինիս տավարների և ոչխարների վրա, նրանց այլևս ցավ չի պատահի, միշտ առողջ պարարտ կլինեն, առատ կաթ և յուղ կտան։ Եթե դրանից