Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց Հովասաբենց օրիորդը այն թեթև, անպարկեշտ աղջիկներից չէր, որ յուր նշանած տղամարդի հետ միայնակության հաջող րոպեները անցներ հեշտախտային զվարճությամբ։ Նա յուր ծանրաբարոյության հետ ուներ և ա՛յն սառնասրտությունը, որ ակամա ամաչեցնելու էր Ռուստամին մի այդպիսի լկտի ցանկասիրություն պահանջելու։ Օրիորդ Սալբին յուր սովորական համեստությամբ, գլուխը քարշ գցած, առանց վեր նայելու, խոսեց.

— Դու չափազանց շտապում ես հարսանիքի համար, այնպես չէ՞, Ռուստամ։

— Ի՞նչ պետք է անել, մեռանք—մաշվեցանք ծակամուտից գողունի միմյանց մոտ գալով գնալով, այդ ևս՝ հարյուրից մի անգամ միայն հազիվ է հաջողվում։ Մինչև ե՞րբ պետք է կրենք այդ անտասելի ցավերը,— ասաց Ռուստամը։

— Եվ դո՛ւ կարծում ես, թե ես քո հոր տան մեջ լինելով՝ դու առիթ կունենայի՞ր լիամասնաբար ինձ սիրելու։

— Ինչո՞ւ չէ։

— Երևակայիր, Ռուստամ,— ծանրությամբ առաջ տարավ օրիորդը,— ո՛րքան էլ յուր արյունախում և եղեռնավոր բնավորությամբ անտանելի լինի բարբարոսական բռնակալությունը — հազարապատիկ դժնդակ և վատթար է այն բռնությունը, որ ասիական կյանքի մեջ ոտնակոխ է արել կանանց սեռի արդար իրավունքը, ճնշել ու կաշկանդել է նրանց ազատությունը և թունավորել է նրանց հիվանդոտ դրությունը։ Մտածիր, ի՞նչ վայելչություն, ի՞նչ քաղցրություն ունին այստեղ երկու սիրողները սիրո վայելքի մեջ՝ երբ նրանք չեն կարող միմյանց հանդիպել արձակ և համարձակ, երբ նրանց հայտնված սերը, որպես մի անսովոր միջադեպ հասարակաց բամբասանքի, չարախոսության և զզվանքի նյութ է դառնում։

— Թեպետ ամեն տեսակետերով ազատությունը գովելի է, թեպետ բռնակալության մեջ ճնշվում, խեղդվում և ոչնչանում են մարդկության բարի ձգումները, բայց, Սալբի, մի հին բանաստեղծական ոգով մտածելով, ինձ թվում է, որ սերը ավելի է քաղցրանում և ախորժելի դառնում — երբ մարդ շատ դժվարություններով է որսում նրան։ Դա մի բնական օրենք է։ Մեզ համար, կախարդիչ և առասպելաբանական վայելչություն ունին այն բաները, որ միշտ մեր աչքից ծածկված և հազվագյուտ են, և որ ձեռք են բերվում շատ չարչարանքների հնարներով։ Բայց ամենօրյա կյանքի մեջ սովորաբար հանդիպած բաները, որ միշտ տեսնում, լսում, և զգում ենք, ո՛րքան էլ ախորժելի և հաճոյական լինին նրանք՝ կորցնում