Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են իրանց իսկական համը, հոտը և քաղցրագույն ճաշակը, որովհետև մեր զգայարանները կշտանում են նրանցից։

— Դու սիրելիս, այդ երկար խոսքերով կամենում ես բացատրել հայերի այն առածի իմաստը, թե «երբ շատ շաքար ուտես՝ սոխի֊սխտորի համ կտա», առարկեց օրիորդ Սալբին ժպտելով։— Բայց սխալվում ես, Ռուստամ, սերը յուր երկնային, ազնիվ, քնքուշ և լուսեղեն կերպարանքներով մարդկային հոգու սուրբ և մաքուր զգացումներից—ամենագեղեցիկը, ամենաքաղցրը և աստվածեղենն է։ Մարդ նրանից երբեք չէ՛ կշտանում և չէ՛ տաղտկանում։ Նա այն առասպելաբանական անթառամ ծաղիկն է, որ մնում է միշտ թարմ, դեռափթիթ և անուշահոտ, և որքան շոշափում ես նրան այնքան արծածվում, բորբոքվում և անշիջանելիորեն բոցավառվում է...։

— Ստույգ է քո ասածը,— պատասխանեց Ռուստամը առժամանակյա մտածումից հետո.— բայց և այնպես, ես սիրում եմ արևելքի կանանց փակված դրությունը, հարեմխանաների մեջ նրանց արգիլված կեցությունը, որովհետև այսպիսով ավելի է պահպանվում նրանց սեռի պարկեշտությունը և նրանց անապականելի ողջախոհությունը։

Մի հեգնական ծիծաղ շարժեց օրիորդի վարդագույն շրթունքը, յուր սիրածի դեռևս տղայական հայացքի համար, և նա ասաց.

— Պահպանել մարդկությունը յուր օրինավոր դրության մեջ ինկվիզիտորի իշխանությամբ, պահպանել կանանց սեռի պարկեշտությունը և, որպես ասացիր — նրանց անապականելի ողջախոհությունը՝ ընդիմադիր արգելքների պայմաններով հարեմխանայի պատերի մեջ — չէ՞ որ ա՛յդ, դարձյալ բռնություն է։ Պետք է մարդկությանը տալ ա՛յն ինքնակամ հնարը, ա՛յն մաքուր համազգացումը, սրտի և հոգու ա՛յն սուրբ ձգտումները՝ որ նրանք ինքնաբերաբար, որպես մի ներքին, աստվածային ձայնի դրդմամբ, ինքնուրույն ճանաչեին իրանց արդար պարտքը, իրանց վայելուչ պատշաճը և անմեղադրելի բարին։ Այդ կլինի ոչ այլ եղանակով քան երբ մարդկությունը ստանա կանոնավոր ուսում, լուսավոր դարի խելացի գաղափարներով և աստվածեղեն վարդապետության պայմաններով Ավետարանի մի առաքինական կրթություն։ Այն ժամանակ ամբողջ մարդկությունը այնչափ կատարելագործված կլինի, որ ո՛չ ոք չէր ասի յուր ընկերին, թե դու մեղք գործեցիր, այլ ամեն անհատ ճանաչելու էր յուր սրբազան պարտավորությունը։

Ռուստամը նկատեց, որ յուր նշանածի դատողությունները զուտ ճշմարտություն են։