Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու այդպես խելացի ես մտածում, Սալբի, իսկ քո մոլեռանդ մա՞յրը,— հարցրուց նա։

Մենք վաղուց արդեն կարդացել ենք խավար հնության «հրաժարիմքը». մենք պետք է համակերպինք նոր ժամ անակի պահանջների հետ, որպես մեր կյանքի գոյության անհրաժեշտ կարիք։ Հները մեզ պետք չեն. ամեն հնություն դիմում է դեպ ոչնչացումը, բնական օրենք է այդ։

Այդ րոպեին ներս մտավ աղախինը' օրիորդ Նազանին, և հայտնեց թե մոգպետը հեռացել էր իսկ տիկին Թարլանը սպասում էր օրիորդ Սալբիին' հյուրերին սպասավորելու համար։

— Նազանի, դու հսկիր բակում, որ ինձ չտեսնեն, ես կամենում եմ գնալ,— ասաց Ռուստամը։

Նազանին դուրս գնաց և հայտնեց, թե երեք անգամ հազալը նշան էր բակում մարդ չլինելուն, և Ռուստամը թող անմիջապես դուրս դա, երբ լսե այդ նպաստավոր հազը։ — ե՜րբ կարող ենք տեսնվել հաջորդ անգամ, — հարցրուց Ռուստամը բռնելով օրիորդի ձեռքը։

— Մի օրից հետո սկսելու եմ իմ դասերը, դու կտեսնես ինձ քո մորաքրոջ' իմ վարժուհու — տիկին Սալլաթինի տանը։

— Շատ լավ, — կրկնեց ախտաբորբոք պատանին, և գրկելով օրիորդի բարակ մեջքը, պինդ սեղմեց յուր կրծքին, միաժամանակ նրանց բոցավառված շրթունքները սկսեցին շփվել և անխոս ու անբարբառ էլեկտրաբար հայտնել միմյանց նույն րոպեին՛ իրանց սրտի անբացատրելի համակրությունը...։ Այդ կախարդական գրկախառնությունը մարդկային խոսքերով արտասանելու բազմիմաստ և խորհրդական բառերը՝ մինչև այսօր չեն գտել գրիչները։

Արդեն երեք անգամ դրսում հնչվել էր օրիորդ Նազանիի նշանավոր հազալու ձայնը, բայց մեր հերոսը և հերոսուհին, նույն րոպեին խորին հոգեզմայլությամբ հափշտակված՝ չէին լսել։ Տիկին Թարլանը, երկար ժամանակ յուր դստերը սպասելով, համբերությունը կտրած անձամբ է գալիս նրան կանչելու։ Երբ մտավ օրիորդ Սալբիի սենյակը, ու նրանց այդ բանաստեղծական դրության մեջ գտավ' անտանելի տհաճությամբ աչքերը խփեց և հետ դարձավ, յուր մտքի մեջ անիծելով, ըստ նրա հասկացողության-յուր դստեր լրրբությունն ու անամոթությունը, Դառնալով յուր խնամիների մոտ, նա ծածկեց յուր վրդովմունքը, մի հարմար միջոցի թողնելով՝ յուր դստեր գործած անբարոյականությունը կշտամբելն ու հանդիմանելը,