Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպեսզի թովեն, կախարդեն նրանց սերը, և ձգեն մեղքի ու դժոխքի անդունդի մեջ...։

— Ո՜ւֆ, հո՛ղը նրանց գլխին,— ասաց տիկին Սկուհին,— միթե ամուսին չունե՞ն այդտեղի կանայք։

— Ի՜նչ ամուսին,— առաջ տարավ տիկին Թարլանը։— Դուք կարծում եք ամուսին այրերը այնտեղ այնպե՞ս են, որպես մեզանո՞ւմ... բոլորովին ոչ...։ Մի չար խոսք, որին նրանք ազատություն անունն են տվել, պատճառ է դարձել սանձարձակ, իրանց կամքին ձգելու կանայք, որ նրանց սիրելի եղածների հետ ավելի տռփվին և լրբանան։ Մարդիկ եվրոպական կյանքի մեջ մի այլ նշանակություն չունին, քան թե իրանց կանանց կամքի գերիներ և ստրուկ ծառաներ լինելը։ Դուք հաճախ կտեսնեք, նրանք փողոցներում և վաճառանոցներում ման են գալիս իրանց տղամարդկանց հետ, և որպես համալ (բեռնակիր), նրանց կրել են տալիս այն բոլոր բաները, որ դնել են իրանց մարմինը այլոց ավելի հաճելի դարձնելու համար...։

— Դե ասա՛, մի խոսքով, նրանց երեսի մեռոնը գնացե՛լ է,— պատասխանեց տիկին Սկուհին, չհավատալով յուր ականջներին։— Վա՛յ, սև՛ հագնեն նրանք, միթե նրանց սրտերում ամոթ չկա՞...։ Մի՛թե նրանք աստված չունին. թող այսուհետև մեր տղամարդիկ լավ ճանաչեն մեր արժանավորությունները և մեր պատիվը.— մի ընդդիմություն, մի համարձակ կամ անպատշաճ խոսք բավական է, որ փայտն առնեն և մեր խղճալի գլուխը ծեծեն...։ Բայց ասացեք, խնամի Թարլան, ձեր խոսքերի գյորա (համեմատ), նրանք իրանց տնտեսական գործերը ևս չե՞ն կատարում։

— Ի՞նչ ես խոսում, տեր ողորմի քո հորը.— նրանք իրանց երեխայքն անգամ չեն սնուցանում. բավական է որ ծնեցին՝ իսկույն պահ են տալիս դայակներին։ Իսկ թե մոր կաթով չմեծացած երեխան ի՞նչ կդառնա՝ այդ գիտե ամեն մի խելացի մարդ։

— Ապա ի՞նչ են գործում,— ավելի զարմացած հարցրուց տիկին Սկուհին։

— Ոչի՛նչ չեն գործում, բացի նրանից, որ միշտ զբաղված են իրանց զարդարանքով, պչրանքով, կեր ու խումով, որ իրանց անձերը մո՛լի ախտերի մի գործարան շինեն։

Տիկին Սալլաթինը, այդ առողջամիտ կինը, որ ուշադրությամբ լսում էր յուր պարզամիտ քրոջ և մոլեռանդ տիկին Թարլանի զրույցները, թեպետ վաղուց արդեն կորցրել էր յուր համբերությունը, բայց որովհետև կարևոր խոսելիք ուներ Ռուստամի հարսանիքի մասին՝ չուզեց կոտրել տիկին Թարլանի սիրտը և բարկացնել նրան, մանավանդ,