Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կամենում էր մի հնարքով ձեռք բերել նրա համաձայնությունը. և որպեսզի չոր առաջարկությունը ընդունելություն գտնե նրա մոտ, ծանրությամբ և հանդարտ եղանակով խոսեց.

— Ավելի լավ չէ՞ր լինի, սիրելիք, կարճել այդ զրույցների ընթացքը և հավատալ թե բամբասանքը մեղք է, և թե մենք, ասիացի կանայքս, քանի՜-քանի՜ հազարավոր մղոններ հետ ենք մնացել նրանցից։ Նրանք միշտ առա՛ջ, դեպ առաջ են դիմում, բայց մենք մնում ենք դարավոր անշարժության մեջ, կապված կաշկանդված տգիտության շղթաներով...։

Տիկին Թարլանը, այդ խոսքերի նշանակությունը համարյա չհասկանալով՝ գլուխը հեգնական կերպով շարժեց և հրամայեց հավաքել թեյի սփռոցը։

— Խնամի Թարլան,— խոսեց տիկին Սալլաթինը,— մինչև բարեկենդանը երկու շաբաթ է միայն մնում. ժամանակը նեղցել է. ի՞նչ եք հրամայում հարսանիքի մասին։

— Ի՞նչ պետք է ասեմ,— պատասխանեց առժամանակյա մտածումից հետո տիկին Թարլանը։— Ա՛յն, որ աստված է կամեցել, կկատարվի. և ես չեմ կարող իմ հանգուցյալ ամուսնի ուխտը գետնին զարկել։

— Աստված քեզ հանգիստ արքայություն տա, խնամի,— մյուս կողմից առարկեց տիկին Սկուհին.— ես իմ հո՛գիս, բերան չէ՛, տաճար է...։ Ճշմարիտ, մեղք է, որ մենք դարձյալ թողնենք, որ ձեր աղջիկը ու մեր Ռուստամը այսուհետև ավելի մաշվեն միմյանց համար, դուք գիտե՛ք, թե նրանք ո՜րքան սիրում են միմյանց։

— Ես գիտե՛մ...— պատասխանեց տիկին Թարլանը խորհրդավոր եղանակով.— և նրանց անպարկեշտ սերը, միանգամայն ատելի է ինձ։

— Չէ՛, այդպես մի խոսիք,— նրա խոսքը կտրեց տիկին Սալլաթինը,— աշխարհս լուսավորյալ է. և սիրո աստվածուհին դուրս գալով ամոթխածության վարագույրի ետևից՝ մերկացել է յուր նախկին քողածածկոցից. այժմ նա մերկ հանդես է մտել մարդկային կյանքի մեջ որպես ճշմարտության աստվածուհի...։

Տիկին Թարլանը չհասկանալով վերջին խոսքերը, ավելացրեց.

— Աշխարհս լուսավորվե՞լ է... լավ է ասեք՝ լրբացել է. և մեր ազգային սուրբ և ազնիվ բարոյականությունը, յուր արդար և անարատ սովորություններով՝ ապականվել է. Նեռի երևալու ժամանակը մոտեցել է, որովհետև մեր նորահարսերը այքևս ո՛չ ծերերի ալիքն են պատվում, ո՛չ նրանց խրատները լսում։