Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկին Սկուհին համբուրեց օրիորդի գլուխը, և ուրախ եղավ այնպես քաղաքավարությամբ իրան ընդունելու համար։ Տիկին Թարլանի երեկոյան տհաճությունը — Սալբիի մասին — լսած լինելով՝ նա ուղղեց նրան այս առասպելարանական խրատները։

— Իմ սիրելի հարսնացու, սովորիր պարկեշտությունը սրբությամբ պահպանել քեզ օրինակ առնելով այն երկնային հրաշագեղ հարսնացուն — Լուսնյակը։ Դա մի լուսեղեն հավերժահարս օրիորդ է, որի հարսնությունը հավիտենից նշանադրված է արեգակի՝ այն լուսադեմ պատանյակի հետ։ Նրա հարսանիքը մնացել է «վերջին օրին», երբ այս աշխարհը այլևս չէ լինելու։ Լուսնյակի դեմքը ավելի փայլուն է քան արեգակինը, բայց տեսնո՜ւմ ես, ինչպի՜սի ամոթխածությամբ է վարագուրել յուր դեմքը. ա՛յդ է պատճառը, որ շատ թույլ լույս է արձակում։ Նրա երեսքողի միջից մենք հազիվ ենք նշմարում նրա սևորակ աչքերը։ Հավիտենից այդ երկու երկնային տարփածուները անձկալի կարոտով վազում են միմյանց ետևից, և կարծես, մի աներևույթ ձեռք վանում, հալածում է նրանց երկնքի ճախարակի չորս կողմով... Բայց, երբեք չէ պատահել, որ նրանք հանդիպեն միմյանց, առնեին իրանց կարոտը, լցնեին իրանց փափագը մինչև հավիտենականի ձեռքով նրանց պսակը չկատարվի...։

Այդ ավանդական խրատը տիկին Սկուհին նրա համար էր տալիս, որովհետև ինքն ևս, տիկին Թարլանի նման, չէր սիրում օրիորդ Սալբիի և յուր որդու շատ անգամ միմյանց համարձակ այցելություններր։ Կամենալով օրիորդի կամակորությունն էլ խրատել, որ նա հնազանդեր յուր մորը՝ տիկին Սկուհին շարունակեց.

— Մա՛նավանդ աշխատիր խոնարհությամբ հնազանդել քո մորը, որ քեզ աստուծո շնորհիվ — կենսագործնլ է, սնուցել է յուր ծծելով։ Նայիր պիպուին (հոպոպ), դու տեսե՞լ ես այն խայտաճամուկ փետուրներով սիրուն թռչնիկը. նա՛ ևս մի օր քո նման մանուկ աղջիկ էր: Մի օր նրա մայրը, մի փայտյա տաշտի մեջ լվանում էր նրա գլուխը և սանդրում ծամերը, անհնազանդ աղջիկը հիմարությամբ չարախոսում է մոր դեմ, մայրը անիծում է նրան, և անեծքը տեղ հասնելով՝ աղջիկը տիրոջ հրամանով ձևափոխվում և դառնում պիպու թռչունը։ Մինչև այսօր, այն սանդրը, որով մայրը սանդրում է յուր աղջկա ծամերը՝ գտնվում է պիպուի գլխի վրա, որպես նշան և խրատ, անհնազանդ աղջիկներին։ Պիպուն անիծված է. բոլոր թռչուններից միայն նրա բույնն է ժահահոտություն արտաշնչում։ Մինչև այսօր նա յուր թլվատ լեզվով կոչում է փո՛փո՛, որ նրա մոր