Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խոսեցինք, — պատասխանեց տիկին Սալլաթինը.— խնամի Թարլանը համոզվեց, երկուշաբթի կլինի հարսանիքը:

— Ուրեմն պետք է աչքալուսանք տալ պարոն Ռուստամին. ա՛յսքան երկար սպասելուց՝ խեղճ տղան մաշվեցավ... Բայց, Սկուհի, հարսանիքը հի՞ն կարգով պիտի անեք[1]:

— Իհա՛րկե, ա՛յսքան տարի որդի եմ պահել, մեծացրել, որ նրա հարսանիքի ուրախությունը վայելեմ հետո մեռնեմ, — պատասխանեց տիկին Սկուհին։

— Իմ սիրելի քույրը ձեռք չի վեր առնի հին սովորություններրից, Արամ, — առարկեց տիկին Սալլաթինը, — ասացեք, թե աստված կսիրեք, ի՞նչ մի հաճելի բա՛ն է այն զը՛ռ-հա-զը՛ռը, այն ատելի դըհոլ-զուռնան, այն ղալմաղալը, այն բաբելոնյան խառնակությունը։

— Առավել լավ կլինի, առանց ավելորդ աղմուկի, մեկ օրվա մեջ վերջանա պսակը և հարսանիքը մի չափավոր և համեստ ճաշկերույթով վերջացվի, — հորդորեց պարոն Աշխարունին։

— Տեսնենք... իհա՛րկե, առանց խորհրդի չի լինելու, ինչպես արժան կդատեք, այնպես էլ կանենք,— պատասխանեց տիկին Սկուհին և ողջունելով նրանց հեռացավ։

  1. Ատրպատականի գյուղորայքում, հայերի մեջ, մի օրինավոր հարսանիք ամբողջ յոթն օր և յոթն գիշեր է տևում։ Հարսանիքից մի քանի օր առաջ, փեսայի հայրը մի քանի ծերերի հետ գնում են հարսի հոր տունը քասըմաթ անելու, այսինքն կտրականապես որոշելու, թե ո՛րքան բաշլրղ (գլխագին) կամ դրամ պետք է տալ հարսի հորը, նրա աղջկա համար։ Զուտ դրամի հետ տրվում է մեծ քանակությամբ — գինի, միս, եղ ու բրինձ։ Հարսանիքի նախընթաց երեկոյան, փեսայի հոր դռան առջև մորթվում է մսացուն — մեկ կամ երկու եզ, նվագվում է դըհոլ և զուռնա, հարսները և աղջիկները մսացվի չորս կողմը պար են գալիս, և ապա դրացիքը այնտեղ հավաքվելով՝ մի-մի բաժակ գինի են խմում մաղթելով «Աստված բարի սհաթի անե և շնորհավոր լինի»։ Միսը գիշերն են եփում — պատրաստում են դոլմա, շորվա, խաշ և այլ կերակուրներ։ Ձեռքերն հինայով ներկել։ Հայերը այդ սովորությունը անտարակույս պարսիկներից առած պիտի լինին։ Այր մարդկանց բազմությունը ցրվում է հարսանիքի մսացուն մորթելուց հետո։ Բայց մեկ ազապ աղջիկ, սկուտեղի մեջ մի քանի քսակ հինա գլխի վրա բռնած՝ շատ աղջիկների և հարսների հետ, դըհոլ-զուռնա ածելով և պար գալով — գնում են հարսնացուի տունը։ Նույն գիշեր այստեղ տեղի է ունենում հարսանիքի պարահանդեսը, որի ավարտին՝ նորընծա հարսնացուին առանձին պար են ածում՝ երկու լավաշ խաչաձև դնելով նրա գլխի վրա։ Պարից հետո ազապ աղջիկները այդ լավաշները բաժանում են իրանց մեջ, որ աստված իրանց ևս ղսմեթ անե (բաշխե) այդ բախտը — հարսանիքի թագն ու պսակը։ Գիշերը, քնելու ժամանակ շաղախում են հինան. նրանով առաջ ներկում են հարսնացուի ձեռքերը, այնուհետև ազապ աղջիկների և տղամարդկանց ձեռքերը, շատերը միմիայն իրանց ճկույթն են թաթախում հինայի մեջ, որպեսզի իրանք ևս մասնակից լինին այդ ուրախությանը։ Երկրորդ օրվա առավոտյան կանուխ, փեսայի բարեկամներից մի հասակավոր կին, ձեռքում մի մեծ փունջ ծաղիկ բռնած, և մի տղամարդ մի լուլեհին գինի վերցրած՝ սազանդարի (երաժշիտների) հետ դըհոլ-զուռնա ածելով, ման են գալիս տնից տուն։ Փեսայի բարեկամ կինը մոտենում է ամեն մի տան ալևորին, մատուցանում է մի ծաղիկ, իսկ մյուսը՝ մի բաժակ գինի և խնդրում են, որ «Աստված նրանց որդուն ևս փոխ անե այդ ուրախությունը»։ Տան ծերունին ընդունելով ծաղիկը և գինին, խմում է՝ մաղթելով հարս ու փեսայի համար — բախտավորություն։ Այնուհետև հրավիրում են նրան ճաշելու հարսանիքի տունը։ Այս կերպով ճաշին հրավիրվում են միայն մարդիկ, իսկ կեսօրից հետո — կանայք։ Երեք օր շարունակ ցերեկը ճաշկերույթ է լինում։ Պարահանդեսները կատարվում են գիշերները։ Հարսանիքի տան կենտրոնում կանգնած՝ «սազանդարները» (երաժիշտներ) նվագում են. տունը լիքն է մինչև բերանը խառնիճաղանջ բազմությամբ: Նրանք բռնել են «Գուանդը», որ մի տեսակ պար է — տղամարդիկ միմյանց ձեռքը բռնելով շարվում են և այդ շղթայակապի մեջ, այստեղ և այնտեղ, երևում են բաց երեսներով աղջիկներ և կանայք, բայց այդ բացառությունը թույլ է տրվում, երբ նրանք իրանց ազգակիցների ձեռքն են բռնում, ընդհակառակը՝ մի կնոջ օտար տղամարդի ձեռք բռնել շատ ամոթ բան է։ Պարի ձևերը որոշվում են ոտքերի զանազան տեսակ շարժումներով — նրանք առաջ են գնում կողքե-կողք զանազան ոլոր-մոլոր բոլորակներ և շարամանություններ կազմելով։ Մի տղամարդ, աղլուխը ձախ ձեռքով երերելով տանում է պարագլուխը: Գուանդից հետո առհասարակ ամեն գիշեր, հոգնած բազմությունը նստոտում է հարսանիքի տան մեջ, պատերի տակ։ Տիրում է ընդհանուր լռություն։ Տան միջավայրում մի ընդարձակ տեղ է բացվում այդտեղ, որպես թատրոնի բեմի վրա՝ հանկարծ հայտնվում են սազանդարները՝ հագնված անճոռնի, այլանդակ և ծիծաղաշարժ կերպարանքներով: Սրանք սկսում են անամոթ խեղկատակությամբ զավեշտություններ ձևացնել: Այդ բոլորը, թեպետ անկատար և անկանոն, բայց ապացուցանում են, որ թատրոնական գործողությունները վաղուց արդեն ծանոթ էին եղել հայերին: Չորրորդ օրը փեսայի տանից ուղարկում են հարսի տուն «նան-գուշտ», այսինքն հաց և միս, նրա հետ — գինի, յուղ, բրինձ և այն արծաթը, որ խոստացել էր փեսայի հայրը: Այնուհետև բազմությունը հավաքվում է հարսանիքի տանը, և մի ճոխ հացկերույթից հետո քահանան օրհնում է փեսայի հագուստը, որը հագցնում են և ապա բոլորը դհոլ-զուռնայի ուղեկցությամբ գնում են հարսնացուի տունը: Այստեղ ևս հացկերույթ և ուրախություն է լինում: Հացի սեղանը հավաքելուց հետո, մեջ են բերում մի սկուտեղի մեջ մրգեղենների և քաղցրավենիքի վրա դրված հարսնացուի «հալավ»-ը (հագուստը)։ Քահանան մաշտոցով օրհնում է հարսնացուի զգեստներն ևս, և հետո, սկսում են մրգերը և քաղցրավենիքը բաժանել բազմությանը, որը ուտելով, բարեմաղթում են հարսն ու փեսային երկար օրեր, բախտ և քաղցրություն: Հարսանիքի զգեստները հարսին հագցնում է այն կինը, որ հարսնացուի վարժուհին է եղել, սա յուր այս գործի համար մի ակնածելի վարձատրություն է ստանում փեսայի հորից: Հետաքրքրության արժանի է այդ խորհրդական զգեստավորությունը, որ այլ խոսքով կարելի է անվանել «հարսի ձեռնադրություն կին լինելու», այդ բառի (կին) ընդարձակ նշանակությամբ — ասիական կյանքի նկատմամբ։ Վարժուհին մի քանի խորիմաստ խրատներ տալուց հետո, կապում է նրա ականջներին երկկողմանի խլության անկջուկով, ապա կապում են նրա բերանը լռության օշմաղով, հագցնում է նրա գխին ողջախոհության կալկուճը, դնում է նրա գագաթի վրա փառաց գոտին (մի արծաթյա բոլորակ պսակ, որ գուցե շատ հին ժամանակներից կրում են հայոց կանայք, որպես թագ իրանց գլխին), ապա գցում է նրա երեսի և աչքերի վրա ամոթխածության քողը և այնուհետև նրա երեսը ծածկվում է բոլոր տեսնողների աչքերից...: Բոլոր հագուստները հագցնելուց հետո, որոնցից ամեն մեկը մի խորհրդական գաղտնիք ուներ հարսի ապագայի համար, նրա մեջքը պնդում են փեսայի հոր — հարսի սկեսրարի — որպես նույն գերդաստանի նահապետի գոտիով: Ներողություն խնդրելով բոլոր բարեկամներից, հարսը ընկնում է հոր և մոր ոտքերը, համբուրում է, աղաչելով` որ նրանք իրանց կաթը, աղն ու հացը հալալ անեին: Երեք անգամ պտույտ է գալիս թոնրի չորս կողմը, համբուրում է թոնրի շուրթը, և արտասուք թափելով բաժանվում է հոր տնից: Նույն ժամանակ մի դառն եղանակ է նվագվում, որ ավելի թաղման եղանակներին է նմանվում: Փեսայի բարեկամները ուրախ են. նրանք բազմությամբ, հարս, աղջիկ, կանայք և մարդիկ — ձեռնախաղ են անում հարսի առջև և հանդարտ քայլերով առաջ ընթանում։ Տանիքների վրայից հարսի գլխի վրա աճում են ծաղիկներ, մրգեղեններ, իսկ փեսայի մոտիկ բարեկամները արծաթի մանր դահեկաններ։ Կես ճանապարհին, մի կին հարսի առաջ է բերում փեսայի տանից գլխի վրա դրած մի սկուտեղի մեջ կրակ, վրան խունկ ծխելով։ (Այդ, իմ կարծիքով, փեսայի սիրո նշանն է — յուր անուշահոտությամբ։) Այնուհետև երևան է գալիս փեսան` շրջապատված ազապների բազմությամբ։ Նա խաչաձև կապել է յուր վզով մի կանաչ կարմիր մետաքսյա կերպաս, ցցել է յուր գդակի վրա գեղեցիկ փետուրներ և մի խնձոր աղլուխի մեջ դրած՝ բռնել է յուր բերանի դեմ։ Քավորը ձախ կողմից տանում է «ուրցը»,— մի խաչաձև դրոշ, խնձորներով, չամիչներով և այլ մրդեղեններով — զարդարված։ Ամեն քայլափոխին՝ փեսային մատուցանում են մի բաժակ գինի, բարձր ձայնով գոռալով «անո՜ւշ, անո՜ւշ»։ Փեսան առաջ ընկած, նրա հետևից հարսը բերելով, գալիս հասնում են հարսանիքի տան դռանը։ Այստեղ կանգնեցնում են հարսը. դհոլ-զուռնայի ձայնը լսվում է. մի մարդ առաջ է գալիս և սկսում է բարձր ձայնով կանչել, թե ո՛վ ինչ բան կամ ո՛րքան արծաթ է այդ միջոցին պարգևում հարսանիքի տիրոջ։ Այդ մարդասիրական օգնությունը ոչ միայն ազատում է խեղճ զյուղացիները հարսանիքի ծանր ծախքերից, այլև, շատ անգամ, նրանք շահում են մեծաքանակ արծաթ: Նույն գիշերը կատարվում է պսակը: Այդ կրոնական օրենքը, որ պիտի լինի հրապարակով` համարյա գաղտնի է կատարվում: Փեսայի բարեկամներից մի քանի հոգի, քավորը, հարսն ու փեսան` քահանայի հետ գնում են եկեղեցի կես գիշերին: Քահանան եկեղեցու կանոնների համաձայն` վերջացնում է պսակը: Կարժե հիշատակել, թե ի՛նչ նպատակ է թաքնված սուրբ խորհուրդը այդպես գաղտնագողի կերպով կատարելու մեջ: Կախարդությունը, վհուկությունը, իրանց հիմարացնող հետքերը տակավին թողած լինելով հայերի մեջ հարս և փեսայի բարեկամները վախենում են, որ թշնամիները կապումներ և այլ կախարդական վնասներ չտան: Այդ պատճառով, թշնամիների կախարդությանց դեմ առնելու համար, առհասարակ պսակի միջոցին հարս և փեսայի կոճակներր բաց են թողնում, մի-մի կողպած կողպեք են դնում նրանց յուրաքանչյուրի գրպանում, և զանազան կախարդական արարողություններ են կատարում, որպեսզի կապումները չներգործեն...: