Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ ձեր շեմքը կոխել, գոնյա՛ ա՛յնպես տար, բե՛ր, որ քո տան ճամփան չմոռանանք։ Օրհնած, ի՞նչ ես այդպես քսակիդ բերանը պինդ պինդ հուփ տվել. դիցուք այնքան հավաքեցիր, որ Ղարուն դարձար. մի ասա՛, լսեմ, այս փուչ աշխարհից ի՞նչ պիտի տանեք. չէ՞ որ երկու կամ երեք կյազ (արշին) կտավ է ձեր բաժինը։

— Չէ՛, չէ՛, մեռնիմ սուրբ աջիդ, տերտեր ջան. դո՛ւք մեր գլուխն եք, իսկ մենք ձեր ոտքի հո՛ղը,— պատասխանեց մյուս կողմից Հուրի Խան-Դայան ջերմեռանդությամբ.— իմ տուն տեղս բոլորը ձե՛րն է, իմ ընտանիքս ձեր ծառաներն են. ձեզ ո՞վ է արգելում բարի ոտքերով մեր շեմքը կոխել, միթե այդ մի կտոր հացը, որ ուտում ենք, ձե՞րը չէ, միթե ձեր շնորհը չէ, որ մեզ պահպանում է...։

— Աստված հավատքդ օրհնե, մայրիկ,— ասաց տեր Մարկոսը։— Ե՜րանի բոլոր մարդիկ քո սիրտն ունենային, որովհետև դու գիտե՛ս աստուծո քահանաները պատվել, տերը փոխարենը կվարձատրե քեզ մյուս կյանքում։