Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իհա՛րկե, անողորմ Պիրոսի մի հատ հացի կուտը նրան արքայություն համարվեր, իսկ եկեղեցականին փող տալը, նրա սիրտը շահելը ունա՞յն բան է։

— Ո՞ր անողորմ Պիրոսը,— հարցրին հյուրերը, խնդրելով, որ տեր Մարկոսը այդ առակը պատմե նրանց։

— Ապա չե՞ք լսել, ամեն օր կարդում ենք Ավետարանի մեջ անողորմ Պիրոսը ա՛յն անգութ և անխիղճ ագահն էր, որ յուր կյանքում ոչ մի աղքատի մի պատառ հաց, և ոչ մի քահանայի մի փարա փող չէր տվել։ Մի օր մուրացկանի մինը մտնում է նրա տունը երբ նա թոնրում հաց էր թխում։ Անողորմը բարկացած ձայն է տալիս մուրացկանին — դո՛ւրս գնա, եթե չես ուզում ծեծվել։ Մուրացկանը աղաչում և խնդրում է մի պատառ հաց. անողորմը վեր է ցատկում, որ թակելով նրան արտաքսե։ Աղքատը փախչում է, անողորմը, յուր բարկությունը հանգստացնելու համար մի այլ բան չգտնելով` վեր է առնում այրված հացի կուտը և քարի տեղ — ձգում է աղքատի վրա, իսկ մուրացկանը, միջոց գտնելով, խլում է այրված հացի պատառը և շարունակում յուր փախուստը։ Այժմ, ականջ դիր, Մահտեսի, գիրքը վկայում է, թե այդ ողորմությունը` թեև ակամա` բայց արդարություն համարվեց նրա համար... և անողորմ Պիրոսը դառնալով գտավ յուր թոնրի շրթան մոտ կիսավառ անթրոցը (քոսավը) — կանաչացած և ծաղկած։

«Ո՞ր գիրքը... Ավետարա՞նը...»,— կամենում էր հարցնել մահտեսի Ավետիսը.— «այդպիսի առասպել չկա Ավետարանի մեջ...»։

Մահտեսի Ավետիսի հյուրերը, բոլորը որպես «մի սանդրի կտավ». մի միաբանության անդամ էին — առաքինություն քարոզելը, բարեգործություն ուսուցանելը — նրանց նպատակը չէր, այլ ճանաչելով մահտեսի Ավետիսի սրտի պնդությունը, գիտնալով, որ նա յուր դեպ քահանաները տածած սառնասրտությամբ — անողորմ Պիրոսից պակաս չէր, նրանք ամենայն խորամանկությամբ խելք-խելքի տված` աշխատում էին թովել Մահտեսու միտքը, որպեզի նրանցից ամեն մինը կարողանա մե՛ծ չափով դուրս հանել մահտեսիից յուր ստանալի արծաթը` օգտվելով այդ գիշեր հարսանիքի խորհուրդ[1] լինելու պատեհ առիթից:

  1. Հարսանիքից մի քանի օր առաջ լինում է խորհուրդ, ուր բացի հարսանիքի տիրոջ մերձավոր բարեկամներից, անպատճառ պիտի գտնվին գյուղական գործերի մեջ պաշտոն ունեցող մարդկանցից մի քանիսը, որպես ծխական տերտերը, գյուղի տանուտերը, եկեղեցու երեցփոխանը, առաջնորդի գործակալը, ժամհարը և գզիրը: Խորհուրդի առաջին խոսելի նյութը ա՛յն էր, որ հարսի և փեսայի մեջ արյունի մերձավորություն չլիներ, և եթե կար, մերձազգակցության պես մի բան՝ նրանք վճռում են, թե պսակի հրաման ստանալու համար որքան փող պետք է տալ առաջնորդին: Երկրորդ, որոշում են, թե ո՛րքան բաշլըդ (գլխագին) պետք է վճարի հարսնացվի ծնողներին: Այնուհետև, ծխատեր քահանան՝ ստանալով յուր պսակի դրամը, տանուտերը ստանալով իրան և մելիքին հասանելի ընծաները երեցփոխանը՝ եկեղեցու լուսագինը, առաջնորդի գործակալը՝ աթոռահարկը և պսակի հրամանադրամը, ժամհարը յուրը... գզիրը յուրը...