Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե՛, Մահտեսի,— առաջ տարավ տեր Մարկոսը, ծանրությամբ,— «փլա՛վ, փլա՛վ, կանչելով չե՛ս կշտանա, եղ ու բրինձ պիտի»: Քսակիդ բերանը բաց արա, այս մարդիկը առատապես բավականացրու, որ կարողանաս կարմիր հարսը տուն բերել։

— Իհա՛րկե, — պատասխանեց մահտեսի Ավետիսը,—ինչ որ մեր երկրի սովորությունն է՝ ես պատրաստ եմ վճարել։

— Է՜հ, օրհնած, հիմա սովորությունից անց է կացել,— առաջ տարավ տեր Մարկոսը.— տեսնո՞ւմ ես, ամեն բան այժմ թանկ է, միթե մե՞նք միայն աժան պիտի ծախենք մերը: Այստեղ պնդություն պետք չէ, պետք է տաս, օ՛րհնած, որդի պսակելը դյո՞ւրին բան է։

— Լա՛վ. ասենք թե արտերը այս տարի մարախը կերավ, և այդ պատճառով ցորյանը թանկացավ, իսկ եկեղեցական խորհուրդներին ի՞նչ պատահեց, որ նրանց գները թանկացրիք։ Մենք, մեր հանգուցյալ Գևորգ, Իսրայել և Նիկողայոս եպիսկոպոսների ժամանակներից դիտենք, թե ո՛րքան արծաթ պետք է վճարել մկրտության, պսակի, թաղման, հաղորդության, խոստովանության՝ և այլ հոգևոր խորհուրդների համար։ Բա՛յց այժմ—աստված ձեզ խղճմտանք տա, մեկի փոխարեն տասն եք առնում, և դեռ գոհ չեք։

— Է՜հ, որդի,— պատասխանեց տեր Մարկոսը խորհրդական ձայնով.— ամեն ժամ, ամեն ժամանակ յուր հատուկ պահանջներն ունի, «այժմ աքլորը ամեն օր հազիվ թե մեկ շահիով կարողանում է ջուր խմել»։ Չէ՞ որ մենք ևս ադամորդիք ենք. աստված մանանայով չէ կերակրում մեզ՝ որ կարոտություն չունենանք, մեզ մնում են՝ մեր ժողովուրդը և մեր եկեղեցին, դրա՛նք են մեր արտերը և մեր հունձքը՝ որ ապրուստ հայթայթեն մեզ։

— Բայց չէ՞ որ սրբազան առաջնորդը հարուստ է, հազարներով ոսկիներ ունի,— առարկեց մահտեսի Ավետիսը։

— Օրհնա՛ծ, ի՞նչ կդիմանա այն ծախսերին՝ երբ ժողովուրդը նրան չօգնե յուր զոհաբերությամբ։