Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն առաջնnրդը յուր շռայլության համար պիտի ուտե՞, մաշե՞ ժողովուրդը։

— Դու սխալվում ես, Մահտեսի, ա՛յդ ամենևին շռայլություն չէ, ա՛յդ ազգի պարծանք է՝ որ մենք մի այդպիսի փառավոր առաջնորդ ունեինք։ Մեր առաջնորդը մի այնպիսի երևելի անձն է՝ որ տերության բոլոր մեծամեծ պաշտոնակալների հետ — ծանոթություն ունի։ Դո՛ւ, որդի, ոչ մի քաղաքականություն չգիտես. Պարսկաստանը՝ արտաքին փառահեղություն է սիրում, դրա համար էլ մեր մեծավորը պիտ ինքը իրան ա՛յնպես պահե, որ նրանցից պակաս չմնա։ Քո հիշած առաջնորդները, որ մի սակավ բանով էլ էին բավականանում — աննշան մարդիկ էին, որ եկեղեցու գավթից չէին դուրս գալ, և ժամհարից ավելի մարդ չէին ճանաչում։ Բայց այժմյան առաջնորդը, փառք աստուծո, սարդարի և շահզադաների մոտ բարձի տեղ ունի, ո՞վ ասես նրան չէ պատվում։

Հանկարծ ներս մտան եվրոպական ձևով հագնված երկու նորահաս տղամարդիկ, և անփույթ, անհոգ կերպով «բարի իրիկուն» ասելով անցան, կոչնականներից վերև նստեցին։

Տեր Մարկոսի երեսը մռայլվեց․ նա տհաճությունից կրծում էր յուր շրթունքը. նա ավելի կատաղեց այն բանի համար, որ եկվորները ուշադրություն չդարձրին այնտեղ հոգևոր անձինք լինելու վրա և չասացին «օրհնեցեք տյարք»։ Նա ավելի ուրախ կլիներ, եթե երկու սատանա մտնեին նրանց ժողովը, քան այդ երկու՝ նրա համար անտանելի անձերը։ Բայց մյուս կողմից նա խիստ ուրախ էր, որ նրանք եկան խորհուրդը վերջացնելուց հետո, եթե ոչ, չարաչար կվնասեին նրանց օգտին։ Մեր Մարկոսը յուր սև փիլոնի հետ ստացած լինելով և մի սև ու կեղտոտ հոգի, մի կեղծավոր մարդահաճություն, ծածկեց յուր սրտի ոխը, ակամա մի փաղաքշական կերպարանք ընդունեց, և սկսեց առանձին-առանձին բարևել եկվորներին՝ և նրանց առողջությունը հարցնել։

— Պարոն Մելիքզադե, ո՞ւր էիք այդքան ժամանակ, պոչավոր աստղերի նման՝ հազիվհազ եք երևում, այս քանի օր է, ձեզ չտեսնելով — կա՛րգս է վկա, իմ մեջ մեծ ցավ էի զգում։

— Գնացել էի Թաբրիզ զանազան գործերի համար,— սառնությամբ պատասխանեց պարոն Մելիքգադեն։

— Էհ, օրհնածներ, ի՞նչ եք այդչափ փողի ետևից վազ տալիս, և ամենևին չեք կշտանում․ միթե մինչև հավիտյան ապրելու հո՞ւյս ունիք։ Չէ, չէ՛, որդիք, այս աշխարհը մի փուչ և անցավոր բան է․ իսկ մեր կյանքը՝ մի երազ։ Տեր Մարկոսը այդ սերտած խոսքերը