Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրկնակի արտասանում էր անխտիր բոլոր դասակարգի մարդկանց մոտ, կարծելով, որ բոլորի նպատակը միայն փողն է, և նույնիսկ տիեզերքը փողի համար է շարժվում․ ավելի վստահորեն նա շարունակեց.— Ավելի լավ չէ՞ր լինի, եթե անցավորի փոխարեն հոգս տանեիք հավիտենական երջանիկ կյանքի համար։

— Ի՞նչ բանով և ինչպե՞ս,— հարցրուց պարոն Արամ Աշխարունին։

— Ի՞նչ բանով...— հեգնաբար կրկնեց քահանան.— դո՛ւք, պարոն, կարդացվոր մարդ եք, ամոթ չէ՞ ձեզ համար չգիտենալը:

— Բայց ամոթ չէ՛ և հարցնելը:

— Պարոն, վերջին ռամիկն էլ գիտե, որ մի մարդ հավիտենական կյանքը շահում է —եկեղեցիներին և եկեղեցականներին դրական օգնություն անելով, նրանց պակասությունը հոգալով, վանքերին և վանքականներին հոգևոր ընծաներ ուղարկելով, գլխավոր ուխտատեղիները գնալով, պատարագ մատուցանել տալով, աղքատներին հաց բաշխել տալով, այլևս ո՞ր մինը ասեմ, եթե չգիտեք, գոնյա՛ հայրերից տեսած կլինեք։

Մանուկ տղամարդիկը բացասական կերպով ժպտեցին:

— Կամ թե ի՞նչ է արգելում մի հայ-քրիստոնյա մարդու,— առաջ տարավ տեր Մարկոսը,—որի հասակը և կարողությունը ներում է, յուր կյանքում մի անգամ սուրբ քաղաքը (Երուսաղեմ) գնալ և «մահտեսի» դառնալ։ Միթե մենք թուրքերի՞ց էլ պակաս ենք, որոնց կրոնը անհրաժեշտ պարտք է դրել ամեն մի մահմեդականի վրա՝ յուր կյանքում մի անգամ Մեքկա գնալու և «հաջի» դառնալու։

Տեր Մարուքը և մյուս կոչնականները լուռ զարմանում էին տեր Մարկոսի ճոխ ճարտարախոսության վրա, մտածելով, թե նա ոչ միայն հասարակ ժողովրդի առջև մեծ համարում է վայելում յուր գիտության համար, այլև իմաստուններին կարող է պապանձեցնել։

— Ինչո՞ւ չեք պատասխանում, պարոններ,— հարցրուց տեր Մարկոսը.— մի՛թե իմ խոսքերը ձեզ դուր չե՞ն գալիս։

— Այո՛, մենք համաձայն չենք, որ հայերը իրանց արծաթը փչացնեին այդպիսի անպիտան ծախսերի համար,— պատասխանեցին երիտասարդները։

— Անպիտան ծախսե՞ր... այդ ի՞նչ եք խոսում․— հարցրուց քահանան բարկանալով։

— Այո՛, դեռ անպիտանիցն էլ ավելի վատթար:

— Դո՛ւք մոլորվա՛ծ եք:

— Իսկ դուք խենթացած...: