Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեր Մարկոսը իսպառ կատաղեց։

Մահտեսի Ավետիսը նկատելով, որ նորահաս պարոնների «ջուրը տերտերի առվով չէ հոսում», յուր որդի Ռուստամին ականացի արեց, որը բռնեց պարոն Արամ Աշխարունու և պարոն Խոսրով Մելիքզադեի ձեռքը և յուր սենյակը տարավ։

Նրանց հեռանալուց հետո, սփռվեց հացի սեղանը, տեր Մարկոսը, յուր հակառակորդներից ազատվելով և արձակ միջոց գտնելով — դարձյալ հանդես մտավ, և յուր շաղակրատ լեզվի հաճոյամոլությամբ՝ սկսեց թովել նրանց սրտերը։

Կես գիշեր էր։ Խնջույքը վերջացավ և կոչնականները ցրվեցան: Տեր-Առաքելենց տան դիմաց, նրանցից բաժանվեց մինը, և որպես չարության դև, միայնակ, լուռ խլրտում էր ոլորևմոլոր փողոցներով: Դիվային ոչ մի հատկանիշ չէր բացակայում նրանից — հասակը՝ երկայն, բարակ և ջլուտ, դեմքը՝ մթնած և նիհար, սև գանգրված մորուքով, նեղ և խոր գնացած աչքերը փայլում էին լի խորամանկությամբ. նրա ամբարիշտ բիբերը այնպիսի սաստկությամբ էին հարձակվում դեպ աչքի աղբյուրները, կարծես, քիթը, որպես միջնապատ եթե գոյություն չունենար՝ նրանք միտում էին միմյանց հասնիլ — մի մեծ կռվի համար։ Առհասարակ այդ իսրայելյան նենգավոր դեմքը մի դիվական բնավորություն և ամեն չարություններով լի մի սև հոգի էր արտահայտում։

Խավարի մեջ երկար շրջագայությունից հետո, նա մի հոյակապ ամրոցի դռան առաջ կանգ առավ, բախեց մի քանի անգամ, դռները ահավոր շառաչմամբ հետ գնացին. և նա, երկայն դալանների միջից անցնելով՝ բարձր սանդուղքներով սկսեց վեր բարձրանալ: Ամբողջ ամրոցի մեջ, մթին խավարի հետ տիրում էր խորին լռություն։ Միայն մի պատուհանից էր լույս երևում։ Նա մտավ այդ սենյակը։ Պարսկական ճաշակով ճոխ զարդարված այդ սենյակը փայլում էր և զանազան նկարներով։

— Վերջապես, եկաք, Ռես, — ասաց թանկագին և փափուկ մահճի վրա թեք ընկած նորահաս պատանին։

— Այո, ներողություն, հազար անգամ ներողություն, որ ես ձեզ սպասել տվի,— ասաց քաղաքավարությամբ եկվորը, որ կանգնել էր ոտքի վրա։

— Այդ ոչինչ... միայն ասա՛, ի՞նչպես վերջացավ գործը։

Եկվորը սկսեց պատմել տեր-Առաքելենց տան մեջ կատարված ամբողջ անցքը։