Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն մեր հույսը կորա՞ծ է,— հարցրուց նորահաս պատանին անհուն տխրությամբ։

— Ի՞նչ ասեմ, աղա... — պատասխանեց եկվորը ուսերը շարժելով։

— Ռե՛ս, ես տհաճությունից կմեռնիմ. ինճչ հնար ունիս՝ բանեցրո՛ւ։

— Ժամանակը նեղ է. էգուց երեկոյան պսակը կկատարվի, ի՜նչ կարելի է անել մի քանի ժամվա ընթացքում։

— Ես դրանք չեմ ընդունիլ․․․ գործ դիր քո բոլոր խորամանկությունները։

— Բայց գիտե՞ք․ խորամանկության շարժող մեքենան — արծաթն է։

— Ահա քե՛զ.— և պատանին տվեց նրան ոսկիներով լի մի քսակ։

— Բարի գիշեր, էգուց ճաշին իմացում կտամ,․— ասաց եղեռնագործը և հեռացավ։

ԺԵ

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Հ․․․ գյուղի եկեղեցու բակում, ախոռատան վրա, շինված էր մի փոքրիկ սենյակ, յուր փոքրիկ նախասենյակով և նեղ լուսամուտներով։ Վառելանյութի սակավության պատճառով, ախոռի տաքությունը ներս բերելու համար բացած ծակերից փչում էին ժահահոտ շոգիներ, որ չափազանց ծանրացրել էին սենյակի օդը։

Այդ սենյակի բնակիչը Հ... վարդապետն է, Ատրպատականի վիճակային հոգևոր առաջնորդի այդ նահանգի տեղակալը։ Դա մի ալեխառն մորուքով, գլխի երկայն ծամերով ծերունի էր։

Տեղակալ վարդապետը, այդ նահանգի գյուղերից մինի եկեղեցու երեցփոխանի հետ նստած՝ ծանր ու բարակ — հաշիվ էր տեսնում:

— Աչքներս լո՜ւյս...— ասաց վերջապես վարդապետը տհաճությամբ,— հարյուր տուն ժողովրդով մի գյուղի մեջ, ամբողջ մեկ տարվա ընթացքում ընդամենը — ի՞նն մկրտություն, տասներե՞ք պսակ և վե՞ց թաղում...։

— Ի՞նչ արած, վարդապետ,— պատասխանեց ճարահատյալ երեցփոխանը.— դժբախտաբար մեր ձեռքում չէ ծնուցանելը և մեռուցանելը․․․։