Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իրա՛վ է, ձեր ձեռքերում չեն դրանք,— խոսքը փոխեց վարդապետը,— բայց այնպիսի հնարներ կան ձեր ձեռքերում, որ կարող են հոգևոր արդյունքները առատապես բխեցնել։

— Որպիսի՞ հնարներ,— հարցրուց երեցփոխանը, աչքերը լայն բացելով։

— Օրինակ, գերեզմանաքարերի վրա խաչ օծել տալ, պատարագ մատուցանել տալ, ահա այսպիսի բաներ կարող եք ժողովրդին խրախուսել և հորդորել՝ կատարել տալու։

— Է՜հ, հայր սուրբ,— ասաց երեցփոխանը ափսո ափսոսելով.— այդ փրոտների ոտը կոտրվեր՝ մեր երկիրը չգային, դրանք խլեցին մեր ժողովրդից՝ հույս, հավատ և ամեն սուրբ բան. դուք կարծում եք այն առաջվա ջերմեռանդությունը մնացե՞լ է մեր ժողովրդի մեջ, ոչ՛... այժմ բոլորի սրտերը սառել են:

— Վնաս չունի՛... դժվար չէ կրկին վառել նրանց ջերմեռանդությունը և ջերմացնել նրանց սրտերը,— պատասխանեց ծանրությամբ վարդապետը։ Լսի՛ր, երեցփոխ,— առաջ տարավ նա ավելի ազդու ոճով.— Դո՛ւ ևս, որպես հոգևոր գործերի մի աստուծո պաշտոնյա, պետք է միշտ ջանադիր լինիս եկեղեցու նյութական շահերի համար։ Ես ցավակցաբար վաղուց եմ նկատել, ինչպես ժողովուրդը սկսել է սառն աչքով նայել հոգևոր պիտույքների վրա, այդ մոլորության առաջգնացության դեմ դնելու համար, ես սովորել եմ հոգևոր գործերի իմ ստորադրյալ պաշտոնյաներին այնպիսի հնարքներ, որոնք նրանք հաջողեին հետ դարձնել ժողովրդի կորած հոգևոր ջերմեռանդությունը։ Դու ևս այդ կարգի մարդկանցից մինը լինելով, ավելորդ չեմ համարում մի քանի խրատներ տալ, նախապես հավատացնելով, որ երբեք մեղք չէ, երբ մինը եկեղեցու օգտի համար խոսում է այն՝ որ կոչում են բարի սուտեր: Դու ասացիր, թե ժողովուրդը այլևս չէ կամենում մեռելների համար խաչ օրհնել տալ և պատարագ մատուցանել տալ։ Ինչ՞ վնաս ունի, եթե ջերմեռանդություն շարժելու և խրախույս տալու համար, գործադրվեր այսպիսի մի թեթև և պարզ հնարք։— Գտնել մի պառավ, որին կարելի լինի վստահիլ գաղտնապահության համար, և սովորեցնել նրան, որ ժողովրդի մեջ տարածե, իբր թե ինքը տեսել է մի այսպիսի երազ. «մի աներևույթ զորությամբ տարվելով այդ գյուղի գերեզմանատունը, նա տեսնում է գերեզմաններից շատերի բերանները բոլորովին բաց, առանց քարերի, նրանց մեջ թաղված մեռելները երևում են. շուն, գայլ, օձ, կարիճ և ամեն տեսակ գազաններ արձակ՝ համարձակ ման են գալիս նրանց մարմիններիր վրա և