Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապականում են նրանց ոսկորները։ Նա տեսնում է և մի քանի այլ գերեզմաններ, ըստ կարգին, իրանց քարերով, գազանները ամեննևին մոտ չեն գնում նրանց, որովհետև վախենում էին ա՛յն լույսերից, որ արևի նման ցոլում էին խաչերից։ Նա հարցնում է մինին, որ կանգնած է լինում այնտեղ, թե ի՞նչն է պատճառը, որ գերեզմաններից մի քանիսը վառվում են արևի նման, իսկ մյուսները բաց են, և պատասխան է ստանում, թե այդ լույսերը ցոլում են ա՛յն գերեզմանների խաչերից, որ հոգս են տարել օծել տալ մեռոնով, իսկ մյուս բաց գերեզմանները օծված չեն»։ Թող պառավը պատմե, թե ամեն գիշեր կրկնվում է այդ երազը, թող նա ժողովրդի աչքին խելքը տարվածի պես իրան ցույց տա, և իբր թե միշտ խոսում է և աներևույթ էակների հետ։ Դու, պարոն երեցփոխան, իմ ասածները կատարիր և կտեսնես թե քանի՛, քանի՛ մարդիկ կցանկանան գերեզմանների քարերի վրայի խաչերը օծել տալ...:

Ամբողջ այդ խոսակցության միջոցին, մեզ նախածանոթ մարդը՝ սև գանգրված մորուքով, մռայլոտ և խորամանկ դեմքով, շիլ աչքերով, որպես մի դև, նախասենյակում կուչ եկած դռան ճեղքից ականջ էր դնում։ Վարդապետի ճիզվիտական խրատները լսելով, նա իսկույն կշռեց յուր որսը, ուշիկ դուռը բաց անելով ներս մտավ և չափազանց քաղաքավարությամբ գլուխ վեր բերեց և մնաց ոտքի վրա կանգնած։

— Ա՛... հրամայեցե՛ք, հրամայեցե՛ք, Ռե՛ս,— ասաց առաջնորդի տեղակալը.— նստեցե՛ք խնդրեմ։

Նա նստեց վարդապետից մի փոքր հեռու — գորգի վրա:

—Բարի լինի...— ավելացրուց վարդապետը.— ինչպե՞ս եղավ, որ ճանապարհներդ ծռեցիք դեպ մեր կողմը։

— Մեր բոլորիս պարտքն է միշտ ուխտ գալ ձեր սուրբ տեսությանը, և վայելել ձեր օրհնության շնորհը,— պատասխանեց Ռեսը։

—Շատ ապրիք որդի, — ասաց վարդապետը ուռելով։

Միևնույն ժամանակ երեցփոխը, համբուրելով յուր հայր սուրբի աջը՝ հեռացավ։ Ռեսը և առաջնորդի գործակալը — մնացին միայնակ։

—Բարի լինի,— դարձյալ կրկնեց վարդապետը.— ի՞նչ բախտով։

—Փառք աստուծո, բարի է,— պատասխանեց Ռեսը.— ես շնորհ ունեցա ձեզ մոտ մի կարևոր գործի համար գալ։

Վարդապետը ուշադրությամբ ականջները սրեց: