Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այսօր, առավոտյան, դուք մի պսակի հրաման եք տվել. այնպես չէ՞,— հարցրուց Ռեսը։

— Հրամեր եք. տեր-Առաքելենց Ռուստամին՝ Հովասաբենց օրիորդ Սալթիի հետ,—պատասխանեց վարդապետը:

— Ե՞րբ պիտի կատարվի պսակը, ու՞մ ձեռքով:

— Այս գիշեր տեր Մարուքի ձեռքով։

—Դուք կարո՞ղ էիք, հայր սուրբ, այդ պսակը մի քանի օրով հետաձգել։

— Ողորմություն արեք, Ռես, ի՞նչպես կարելի է, դուք չե՞ք իմանում ժամանակը նեղ է. այսօր ուրբաթ է վաղը շաբաթ, մյուս օր կյուրակե. այս երեք օրը հետ ձգելով՝ պսակը կմնա «զկնի հինանց» — համարյա երեք և կես ամսից հետո:

— Ինչո՞ւ,— որպես թե չհասկանալով հարցրուց Ռեսը:

— Օրհնած, չե՞ք իմանում, երեք օրից հետո մեծ պասն է, իսկ մեծ պասին հարսանիք կամ պսակ չէ լինում, մինչև հոգեգալստից մի քանի օր անցած։

— Այդ, ճիշտ է,— պատասխանեց կեղծավորը մի քանի րոպե մտածությունից հետո.— բայց և ա՛յնպես հնարավոր չէ՞, երբ ձեզանից խնդրում էին, մանավանդ՝ երբ խնդրում էր մի երևելի իշխանազն։

Հայր սուրբի երևակայությունը իսկույն մակաբերեց Ավազակյանց Սոլոմոն-բեկը։

— Չէ կարելի արդյոք գիտնալ այդ երևելի իշխանազնի անունը,— հարցրուց նա:

— Ո՛չ, զանազան հանգամանքներ ստիպում են նրան ծածուկ պահել յուր անունը:

— Ի՞նչ նպատակ ունի այդ գործի մեջ պատվելի իշխանազնը:

— Հավատացնում եմ ձեզ, որպես մի անկեղծ մարդ, որ նպատակը անվնաս է, և երաշխավորում եմ պատվովս, որ այդ նպատակը չէ վտանգելու ո՛չ ձեր պատիվը և ո՛չ էլ նորընծա ամուսնացուների պսակակատարությանը, եթե նրանք երեք օր սպասեն:

Թեպետ խորամանկ Ռեսը ո՛րքան և կեղծավոր խոսքերով աշխատում էր հեռացնել վարդապետի սրտից նրան տիրող երկյուղը՝ բայց և այնպես, առաջնորդի գործակալը մի խորին և վտանգավոր գաղտնիք էր նկատում նրա խոսքերի մեջ:

«Արծաթը ավելի զորավոր է քան որևէ փաստ այդ հիմարը համոզելու» բնաբանը ձեռք առավ խաբեբան, ասելով.

— Կատարելով նվաստիս խնդիրը և պատվելով իշխանազնի