Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և իշխաններից, բացի հոգևորականներից ու զինվորներից, Հայաստանում կար և ժողովուրդ, որ ապրում էր, որ յուր կյանքն ուներ... և որի հոգեկան ու բարոյական հակումները արտահայտվում էին այս կամ այն հասարակական երևույթների մեջ։ -Մեր պատմության մեջ ժողովուրդ չկա, կան միայն տիրապետողներ»։[1]

Պատահական չէ, որ ռեակցիոն քննադատության դեմ ուղղված իր պայքարում Րաֆֆին վկայակոչում է Բելինսկուն, նրա մտքերը վեպի մասին:

Րաֆֆու ստեղծագործական մեթոդն ամուր կապված է նրա աշխարհայացքին, կյանքը ճանաչելու և կյանքը վերանորոգելու խնդիրը վիպասանի համար միասնական խնդիր է։ Իրականության հանդեպ միշտ ուշադիր, կյանքի ուսումնասիրության մեջ միշտ անկշտում Րաֆֆին իր երկերում խոշոր ընդհանրացումներ է անում։ նա ձգտում է տիպեր կերտել և դիտել կյանքի տիպական երևույթները։ Իր զարգացման մեջ նա դառնում է ավելի կոնկրետ, իբրև նկարագրող և պատկերող նա հավատարիմ է իրականությանը և սուր, հեռատես հայացքով հետևում է երևույթների փոփոխությանն ու զարգացմանը, արագ կերպով վերարտադրում է կյանքի նյութը։ Հենց այդ վերարտադրության ու արտացոլման մեջ նա կատարում է բևեռացումներ, սրում, ցցուն է դարձնում կերպարները, կերտում է կերպարը նկարչի վրձինի ուժեղ, լայն հարվածներով։ Րաֆֆին պատկանում է այն գրողների թվին, որոնց ստեղծագործության մեջ ռեալիզմը և ռոմանտիզմը օրգանապես միաձույլ են։ Այդ միաձուլության մեջ է նրա գրական ոճի առանձնահատկությունը, ըստ որում տարբեր շրջաններում ընդգծվում է ռոմանտիզմը կամ ռեալիզմը։

Էսթետիկական իր առաջավոր հայացքները Րաֆֆին շարադրում է նաև 1860-ական թվականներից բավական ժամանակ անց, 1880-ական թվականներին. «Կայծերում»։ Այստեղ նա այն մտքերն է արծարծում, որ պետք է մի կողմ թողնել «երևակայական աշխարհը, նյութ ընտրել իրական կյանքը և նրա պետքերը», «վեպերի մեջ նկարագրել ճնշված, հարստահարված մարդու թշվառությունները»։ «Համրն»[2] առաջինն էր մեր մեջ, որ մի կողմ ձգեց վարձկան բանաստեղծի շողոքորթող բուրվառը, որ դարերով խնկարկում էր մեծատունին և հզորին, և սկսեց երգել շինականի աղքատ խրճիթի տառապանքները»։ «Իրավ է, բանաստեղծությունը և առհասարակ բոլոր գեղարվեստական գրվածքները՝ ազգի թե՛ ոգևորողը և թե՛ ղեկավարողը պետք է լինեն։ Բանաստեղծությունը ստեղծում է ժողովրդի համար իդեալներ,—բարձր, հանրամարդկային իդեալներ: Եթե ներկայի մեջ չէ գտնում իր իդեալների տիպարները, նա մտնում է պատմության խորքը՝ և ժամանակների հնությունից դուրս է կոչում իր ցանկացած հերոսներին, և նրանց պատկերները՝ իրենց վսեմ գործերի նկարագիրներով՝ դնում է ներկա սերնդի առջև, որ նրանցից օրինակ առնեն և նրանց նման լինեն։ Նա ստեղծում է և այնպիսի տիպարներ, որոնք ներկայի մեջ դեռ ծնված չէին, այլ ապագայում պետք է հայտնվեին։ Նրա սուր աչքերը տեսնում են ներկայի մեջ այդ չծնված տիպարների ամենափոքրիկ նշմարները միայն։ Նա մարգարեի հոգվով նախատեսում է, թե տարիներից, գուցե դարերից հետո՝ ո՛րպես այդ նշմարները իրանց սաղմնական դրությունից կաճեն, կզարգանան, կկերպարանագործվեն և կատարյալ ձև ու կազմություն կստանան,— և նրանց պատկերները

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, յոթերորդ հատոր, էջ 6, Երևան, Հայպետհրատ, 1956 թ.։
  2. «Համրն»-ենթադրվում է Մ. Նալբանդյանը, Ս. Հ.