Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամքը` դուք փոխարենը կստանաք որպես ընծա — ահա՛ այս ոսկիները։ Եվ նա լեցրեց վարդապետի առջև մի բուռն աշրաֆիներ:

— Ներեցե՛ք, պարոն,— առարկեց վարդապետը,— հրաժարվելով,— ես առանց դրանց ևս պատրաստ եմ կատարել այդ իշխանազնի հրամանը, միայն թե խիստ անհնարին բան է առանց հիմնավոր պատճառների արգելել մի պսակ, որ պատրաստ է այս գիշեր կատարվելու և որի համար ես հրամանագիրը արդեն տվել եմ:

— Առանց հիմնավոր պատճառների՞...— նրա խոսքը հեգնաբար կտրեց խաբեբան, — հայր սուրբ, դուք կարծում եք թե ամեն բանի հիմքը պետք է անպատճառ քարի՞ վրա գրված լինի, ու ամենևին ո՛չ. երեք օրվա համար՝ ավազի վրա դնելը վնաս չունի, որովհետև մեր նպատակը պսակի բոլորովին արգելումը չէ, այլ երեք օրով միայն հետ ձգելը։

— Ըստ այսմ ամենայնի, խիստ դժվար է,— պատասխանեց վարդապետը հուսահատությամբ։ Երբեք գործակալը այսպես չէր անճարացել որևէ գործի մեջ, որ այնքան առատ ոսկիներ էր բերում իրան, և ոչ մի օր նրա հնարագետ հանճարը այնքան չէր բթացել — որքան այս անգամ։ Նրան տիրել էր մի դժնդակ կասկած, և նա շվարած չգիտեր ինչ պատասխան տար Ռեսի խնդրին։

Ռեսի թափանցող հայացքը նկատեց վարդապետի կասկածանքը և երկյուղը, և նրան վստահություն ներշնչելու համար, ավելացրեց.

— Հավատացնում եմ ձեզ, դարձյալ հավատացնում եմ ձեզ աստծո ահավոր անունով, Հիսուս-Քրիստոսի խաչելությունով և մեր բոլոր սուրբերի շնորհով, որ իմ առաջարկության մեջ բնավին կասկածելի ոչինչ չկա, և եթե դուք լսեք եք իմ խորհրդին խիստ դյուրին հնարներով մեր խնդիրը կատարված կլինի:

— Որպիսի՞ հնարներ,— հարցրուց շվարած վարդապետը։

— Դուք, այս րոպեիս ձեր ծառան ուղարկելով տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսի մոտ, հետ կպահանջեք պսակի հրամանագիրը, պատճառաբանելով՝ թե նրա մեջ մի բան պետք է ուղղել։ Այնուհետև տեր Մարուքին կհրամայեք, որ պսակը չկատարե մինչև մի նոր հրաման ստանալը, հայտնելով՝ թե այդ գործը մի նոր քննության է կարոտ այն հիման վրա, որ իբր թե լսել եք հարսի և փեսայի մեջ մերձավոր արյունակցություն է եղել, որ քահանաները «խորհրդի» գիշերը հարբած լինելով՝ չեն կարողացել որոշել։

— Այնուհե՞տև։