Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այնուհետև, առավոտյան քննություն պիտի լինի, ասելով, ես այս առավոտ հիվանդ եմ... մնա էգուց, և մի երկու այդպիսի էգուցներ անցնելով` երեք խորհրդական օրերը կանցնեին, իսկ այնուհետև — բարով եկիր մեծ պաս...։ Այլևս պսակ չի լինելու մեզ օրհնյալ նահապետների դրած կանոնների համաձայն...։

Վարդապետի խելքին, ասես թե, մի բան մտավ, և նա հայտնեց Ռեսին յուր հաճությունը այն պայմանով՝ եթե նա կրկներ ոսկիների թիվը: Ռեսը ճարահատյալ ավելացրեց մի քանի հատ ոսկի ևս։

— Մեզ մնում է, ձեզնից մի բան ևս խնդրել, հայր սուրբ,—առաջ տարավ Ռեսը գործագետ մարդու եղանակով.— այս գործը իմ խնդիրքը՝ երեք օրով պսակ հետաձգելու նկատմամբ, և իշխանազնի դրա մեջ նպատակը, այդ բոլորը խնդրում եմ մնան ձեզ մոտ որպես խորին գաղտնիքներ։

— Անհո՛գ եղեք, անհո՛գ եղեք, պարոն, ես ձեզանից ավելի զգույշ եմ գործերի մեջ,— պատասխանեց վարդապետը։

Ռեսը գլուխ տալով հեռացավ վարդապետից, և դուրս գալու առաջնորդարանից, նա, լի հրճվանոք, դիմում էր դեպ հոյակապ ամրոցը, երբ հանկարծ նրան հանդիպեց Մահտեսի Ավետիսը։

— Բարև, եղբայր,— ասաց Ռեսը։

— Աստծո բարին քեզ,— պատասխանեց Մահտեսին։

— Ի՞նչ եղավ, օրհնած, աչքներս թռավ սպասելով, թե ե՞րբ պիտի լինի Ռուստամի հարսանիքը, որ քեֆ անենք և ուրախություն վայելենք։

— Այս գիշեր պսակ է՝ էգուց՝ հարսանիք:

— Աստուծով... աստված քեզ բարի աջողություն տա, միայն առաջուց քեզ ասեմ, Մահտեսի, եթե դըհոլ-զուռնա բերել չտաս, եթե պար ու գվանդ չլինի, քա՛վ լիցի եթե քո շեմքը ոտք կոխեմ, եղբա՛յր, այս ի՞նչ նոր սովորություն է՝ մի գավաթ չայով որդի պսակել։

— Շատ բարի, Ռես, որպես դուք կհրամայեք, որպես մեր բարի դրացիքը կամենան՝ այնպես կանենք:

— Ուրախությա՛մբ...— ասաց բանսարկուն, և մնաս բարյավ ասելով՝ հեռացավ, խորհելով, «ողորմելի մարդ․ էգուց լա՛վ հարսանիք կգա քո գլխին»։

Մի քանի րոպեից հետո նա հասավ հոյակապ ամրոցին, որ պատկանում էր մելիք Պիղատոս Ավազակյանցին, այդ նահանգի չափազանց հարուստ իշխանին, որին հանձնված էր բոլոր հայերի կառավարությունը։ Ռեսը մտնելով ամրոցը և մի քանի բակերի միջից անցնելով` ներս մտավ մի չափազանց տաքացրած սենյակ, որի