Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի բուռն բրինձ, մի փոքր եղ, եփում է փլավ, և արևելքի այդ ազնիվ կերակուրով, ուրախ անցնում է բարեկենդանը։

Քանի՜ զվարճալի խաղերով են անցնում բարեկենդանը մյուս պահեցող ազգերը, բայց հայր՝ յուր բարեկենդանի խաղերի մեջ անգամ ոչ մի ուրախալի իրողություն չէ հանդիսացնում, որովհետև, աշխարհիս թատրոնի մեջ, նրա կյանքը անցել է ցավալի եղերերգությամբ, նրա օրը միշտ սև է եղել, նա չէ՛ ճաշակել ո՛չ մի ուրախություն...։ Հայը, Ասիայում, բարբարոս ազգերի գերության տակ միշտ ճնշված լինելով, յուր բարեկենդանի խաղերի մեջ ևս ձևացնում է այն տխուր և տրտում դեպքերի դառն հիշատակները, որ նրա համար հազարավոր ախ ու վախի, բյուրավոր արտասուքների պատճառ են եղել։

Զուռնայի բարակ և սուր ձայնը, դըհոլի, դափ ու դարիայի տմբտմբոցը՝ Ծաղկավանի մեջ խաղեր սկսելու նախերգանքն են։ Փողոցի մեջ ձիավոր և հետևակ մարդկանց խուռն բազմություն է արշավում։ Քրդի էշիրաթի փառավոր հագուստով բոլորից առաջ ընթացող ձիավորը՝ մի հզոր խան է ձևացնում։ Նրա Հալեպյան կերպասից զոլ-զոլ բինիշի խայտաճամուկ դրոշակները՝ փողփողում են քամու հորձանքի դեմ, նրա փակեղի գույնզգույն փաթեթը փայլում է հարյուրավոր գույներով։ Հպարտ, փքվելով, նստել է նա մի պատվական երիվարի վրա, որի պարանոցը զարդարված է արծաթի ռաշմայով (պալարակապով). նա զինված է այդ բարբարոս ցեղի հզոր իշխանների պես․ արաբական կեռ թուրը քարշ է ընկած նրա կողքին, ձեռքին ունի եղեգնափայտից թեքուն մզրախ (նիզակ), մի լայն հնդկական վահան՝ թափանցիկ ապակենման կաշուց՝ գցած է նրա մեջքի վրա, ղաջարի դաշույնը մի զույգ ատրճանակների հետ, թեք խրած են նրա քիրմանե շալի հաստ գոտու մեջ։ Եթե մենք վեր առնեինք այդ ծպտված իշխանի երեսից նրա սարսափելի դիմակը՝ կտեսնեինք մեզ ծանոթ նենգ պատկերը դրա տակ յուր շիլ աչքերով, սև գանգրված մորուքով և ահավոր մռայլոտ դեմքով ոչ այլ ոք էր, քան Ռես Վասակյանցը, այսպես էր Ռեսի տոհմանունը, որ յուր անհամեմատ ընդունակությունը կարող էր ցույց տալ ամեն տեսակ գործերի մեջ։ Իշխանին հետևող մյուս ձիավորները նրա թիկնապահներն և ծառաներն են ներկայացնում, սրահը բոլորը պարսից հին ձևի զրահ են հագել, գլխներին թասանման սաղավարտներ՝ սրածայր վերջավորությամբ, երկաթի օղակներից ցանցատեսակ հյուսած հագուստով զրահավորված, ձեռքերին նիզակ և թուր: