Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժրագլուխ Մխոն — որ նախածանոթ է մեր ընթերցողին — եկեղեցու դռները շառաչմամբ փակեց, և ահագին ծանր բանալին գրպանը դնելով, դուրս եկավ ժամատան բակից և քայլելը ուղղեց դեպ գյուղամեջը, այսպես խոսելով ինքն իրան— «ո՛րքան կամենում եք՝ կերեք, ո՛րքան կամենում եք՝ խմեցե՛ք, ա՛յ հիմարներ, բայց առավոտյան դարձյալ պիտի քաղցենաք, այնուհետև, հիսուն օր շարունակ ձեզ հետ եղբայր են ոսպն ու լոբին։ Հոգիներդ կդուրս գա, այնքան կուտեք, որ փորներդ կուռչի, դըհոլ կդառնա։ Պասը եկել, գյուղի դռանն է հասել, շատը գնացել քիչն է մնացել. այժմ ինչ ուզում եք արեք...։ Առավոտյան, երբ քահանան եկեղեցում կկարդա «Լվացարո՛ւք և սրբացարուք», դուք շտապում եք տուն գնալ և կարասիքն ու զատկի օրերը գործածած ամանները լվանում եք, որ պասվա համար եղոտ չլինի...: Արդյոք դուք մտածու՞մ եք լվանալ ձեր հոգու ամանը — ձեր սիրտը, որ ա՛յնքան ապականվել է կեղտերով...։ Ո՛չ, ամենևին ո՛չ... որովհետև դուք չեք մտածում աղքատի և տնանկի մասին։ Ահա ես, օրինակի համար — մի ամբողջ գյուղի ժամհարն եմ. մի այսպիսի ուրախալի օր իմ ընտանիքս դեռ սոված է, և իմ ձեռքը մի բաժակ գինի տվող չէ եղել, իմ աղիքները ներսից աղաղակում են — ա՛յ մարդ, սովից կմեռնիս, գլխիդ ճարը արա՛։ Ա՜խ, տեր Մարկոս, ո՞ւր է քո տյառընդառաջի օրվա խոստումը, թե՛ բարեկենդանին մի լավ քեֆ կանենք», բայց այսօր քո Մխոյին չես ճանաչում...:

Այսպիսի տխուր մտածմունքներով լցված, ժամհարը, յուր բախտից և յուր վիճակից գանգատվելով, յուր կյանքը անիծելով, գլուխը քարշ գցած, գնում էր փողոցի միջով չհամարձակվելով բարի գյուղացու դուռը բացելու և յուր փորին մի փոքր կեր տալու։

Նույն միջոցին պարոն Արամ Աշխարունին և նրա ընկեր պարոն Խոսրով Մելիքզադեն, իրանց մելամաղձական բնակարաններից դուրս գալով գնում էին գյուղից դուրս — զբոսանքի և հասարակաց ուրախության մասնակից լինելու համար։ Այստեղ — տափարակ դաշտի վրա խաղում էին ամբողջ գյուղի տոնասեր մարդիկ, բայց ափսո՜ս, որ մի անբախտ սովորությամբ՝ նրանց մեջ ոչ մի կին չէր երևում, միայն այստեղ ու այնտեղ հեռուն, պատերի ետևը կուչ եկած գաղտուկ նայում էին մի քանի աղջիկներ, այն ևս, մի մարդ նրանց կողմը գնալիս — փախչում, աներևութանում էին։

Երկու բարեկամները երկար պտտելով, զարմացած, չգտնելով տեր-Առաքելենց Ռուստամը, նա, որ միշտ այդպիսի հանդեսների դյուցազն էր, նա՛, որ ա՛յնքան շատ էր սիրում ազգային խաղերը: