Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժամտան այգիում աղջիկները՝
Ջանգյուլումը երգում էին,
Եվ վիճակի սափորի մեջ՝
Յուրյանց բախտը կորոնեին։

Այո՛. դու էլ այդ դյութական
Ամանի մեջ արկիր վիճակ,
Ու իմ սերը այն սուրբ օրից
Սրտիդ հետը կապվեց անքակ[1]։

Այն սուրբ օրից աստուծո առջև՝
Մենք դրեցինք այդպիսի ուխտ.—
«Մեռնիլ միասին, ապրիլ միասին,
Որքան կա կյանք, որքան կա շունչ»։

Մի օր ևս Կաթնաձորում՝
Աղջիկները կխաղային ջուջնա[2].
Հարսանիք էր խրձիկների[3].
Այնտեղ նույնպես ես քեզ տեսա։

Ես քեզ տեսա, նազ նազելով՝
Ձեռքդ առիր դայիրան,
Եվ ածեցիր և պար եկար,
Քանի՜ սիրուն... աննման...։

Դու հեռվից ինձ նայեցար,
(Սիրտս ո՜րքան այրվում էր...)
Լեզուդ մունջ էր, բայց աչերդ՝
Հայտնաբարբառ խոսում էր։

Քանի՜ վարդեր դու թափեցիր՝
Քո լուսափայլ թշերեդ.
Քանի՜ նետեր ինձ զարկեցիր՝
Այն սևորակ աչերեդ։

Մի օր յուրյանց այգումը
(Չէ՞ր նա հավերժահարս դաշտային.)
Գլխին դրած ծաղկյա պսակ,
Միրգ կքաղեր զամբյուղ ձեռին։

  1. Համբարձումի վիճակը կամ վիճակախաղը պետք չէ համարել մի հիշատակ Վիճակավ ընտրության Մատաթիա առաքելույն, որ կատարվել է մոտ պենտեկոստեի վերջին,— այլ համարելի է մի ավանդություն, հեթանոսական դարերից մնացած, որպես և նույն օրում լինում է ծաղկահմայություն։
  2. Ջուջնա — աղջիկների պարահանդես։
  3. Խրձիկ — կուկլա, պաճուճապատանք, շինծու տիկին։