Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԷ
ԱՐԳԵԼՔ

Պարոն Աշխարունին, այդ նորահաս աստվածաբանը, չոր ու ցամաք զգացողության տեր մարդ լինելով, նրա հոգին ընդունակ չէր բանաստեղծության վսեմափառ գեղեցկությունները վայելելու, բայց և այնպես, Ռուստամի երգը մի մոգական զորությամբ ազդեց նրա վրա, և նա, պարոն Մելիքզադեի հետ երկար կանգնելով Ռուստամի դռան առջև, ականջ դնելուց հետո, ներս մտան։

— Ի՜նչ ես թուլասիրտ Պարիսի նման ա՛յդպես մեղկությամр գեղգեղում,— հեգնությամբ ասաց պարոն Մելիքզադեն։

— Ա՛յժմ ինձ վրա ծիծաղելը անտեղի է, Խոսրով,— ասաց Ռուստամը, վշտահար ձայնով,— եթե դուք գիտնայիք, ինչ դրության մեջ եմ ես, շուտով կհոժարվեիք մխիթարել ինձ։

— Փոքրիկ լճակները ալեկոծվում են նաև բարակ հողմերից, փոքրիկ սրտերը ևս չնչին ցավերից են վրդովում,— ասաց պարոն Մելիքզադեն։— Բայց դրանք ձեր մեծահոգությունից հեռու են.— դուք միշտ, որպես ամեն մի տղամարդ, պարծենում եք ամուր և հաստատուն բնավորությամբ։

Եթե պարոն Աշխարունին բացակա լիներ այնտեղից, Ռուստամը մի կողմ դնելով ամոթխածությունը, պատասխանելու էր, թե «սերը հաղթում է բոլոր կրքերին, բոլոր հոգեկան զորություններին»:

Պարոն Աշխարունին ընկղմված խորին մտածությանց մեջ՝ չէր խոսում։ Նա, փորձված մարդկանց հեռատեսությամբ, մի վտանգավոր գաղտնիք էր նկատում Ռուստամի պսակը արգելելու մեջ. և, քննության անունով, պսակը մի քանի օր հետ ձգելու պատճառը մի միջոց էր համարում, երբ, ո՞վ գիտե, ինչ սատանայական որոգայթներ պիտի լարվեին։

Մահտեսի Ավետիսը, լսելով պարոն Աշխարունու և պարոն Մելիքզադեի գալուստը, որդու սենյակը մտավ — յուր լցված սրտի դառնությունը նրանց առջև թափելու համար։ Նա, սովորական ողջույնը տալուց հետո, երկար, տխուր դեմքով լուռ նստած ծխում էր յուր երկայն ծխափողը։ Հյուրերը նույնպես լուռ էին, տեսնելով մահտեսի Ավետիսի տխրամած դեմքը, մինչև նա խոսեց.

— Ես ո՛րքան էլ սառնասիրտ էի դեպ հայոց եկեղեցականները, ես կարող եմ ասել՝ չարաչար ատում էի նրանց իրանց արտուղի ընթացքի համար, բայց տակավին մի հնամոլ ազգասիրական զգացմունքով