Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդերձ, Րաֆֆին արծրունական չէ ոչ միայն այն պատճառով, որ նա մինչև «Մշակը» և մինչև Գր. Արծրունու հանդես գալը արդեն ուներ իր սեփական աշխարհայացքը, այլ նաև այն պատճառով, որ նա «Մշակի» տարիներին ևս ցույց է տալիս իր ինքնուրույն դեմքը և որքան խորն է դրսևորում իրեն, այնքան նա տարաձայնում է Արծրունու հետ:

Իբրև Պարսկաստանին և առհասարակ Արևելքին քաջածանոթ դեմք, Րաֆֆին «Մշակում» տպագրված «ճանապարհորդություններում» և հոդվածներում կենդանի փաստերով ու օրինակներով աշխույժ կերպով նկարագրում է Պարսկաստանի զանազան գավառների, գյուղերի և քաղաքների կյանքը, ժողովրդի նիստ ու կացը, ազգությունների փոխհարաբերությունները, ֆեոդալական դատական «սիստեմը», կնոջ ստրկական գրությունը, գյուղացու վիճակը և այլն: Ֆեոդալական Պարսկաստանը նա վերստին համարում է «արյունախում երկիր», որը շնչում է «ասիական բռնակալության սարսափների ոգով»։ Բացի հայ ժողովրդի կյանքի նկարագրությունից, հատկապես հայ գյուղացու` «աղային և կալվածատիրոջը» ստրկացած այդ «դժբախտ մեքենայի» դրամատիք կացությունը վերհանելուց, նա ցույց է տալիս նույն խանական լծի տակ տառապող նաև մյուս, ոչ-հայ ժողովրդների վիճակը, նկատելով հետևյալը.-«Տիրապետողի, ճնշող ազգի հալածանքը եղբայրացնում է ստորադրյալ ազգերը, որքան և նոքա թշնամական հարաբերությանց մեջ լինեին»[1]։ Րաֆֆին ծաղրում է հայ հետադեմ վաճառականությանը, դարձյալ քննադատության ենթարկում հոգևորականին ու եկեղեցին, հին տերտերականության փոխարեն երազելով «կրթյալ և բարոյակրթիչ հոգևորականություն»։

Րաֆֆու ստեղծագործության մեջ 1870-ական թվականներին, գյուղի պատկերման հետ, ամենաուժեղ կերպով դրսևորվում է քաղաքի թեման, գյուղաքաղաքի և խոշոր քաղաքի պատկերը։ Նա նկարագրության նյութ է դարձնում Թիֆլիսը, Երևանը, մասամբ նաև Մոսկվան, ապա Կ. Պոլիսը, Թեհրանը։ Դա հասկանալի է. կապիտալի զարգացման հետ մեծանում է քաղաքի դերը և տեսակարար կշիռը։ Րաֆֆին նկատել է տալիս այդ երևույթը, իր նոր երկերում արտացոլելով քաղաքային կյանքն իբրև սոցիալական նոր հակասությունների մի իրականություն։ Րաֆֆու ստեղծագործության մեջ այսուհետև ընդգրկվող սոցիալական նոր պրոբլեմները գրավում են հեղինակի ուշադրությունը մինչև իր կյանքի վերջը։

Վիպասանի նկարագրության առարկան դառնում է ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու պրոցեսը։ Այս շրջանում է, որ ուժեղանում է ռեալիզմը Րաֆֆու ստեղծագործության մեջ։ 1850-1860-ական թվականների գաղափարական գրողին և վիպասանի ռոմանտիկական թռիչքներին հաջորդում է «տգեղ», այլանդակ իրականության ավելի խոր, ավելի կոնկրետ ուսումնասիրությունը, հեղինակի գեղարվեստական մտածողությունը ձգտում է արտահայտվել տիպական, ռեալիստական բնավորությունների միջոցով։ Վիպասանը, միաժամանակ, ղեկավարվում է իրական և իդեալական կերպարների հակադրության սկզբունքով։

Կարդում ենք «Անմեղ վաճառք» պատմվածքը։ Հեղինակին լավ հայտնի են կյանքի նոր երևույթները, ա՛յն, որ արդեն կան գործարաններ ու ֆաբրիկաներ կան միլիոնատերեր ու հարուստներ, երևան են եկել սոցիալական նոր հակասություններ:

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, ութերորդ հատոր, էջ 471, Երևան, Հայպետհրատ, 1957 թ.: