Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վառեց նրա երևակայությունը,— նա տեսնում էր յուր առջև նազելի սիրուհին յուր հրեշտակային գեղեցկությամբ, նա երգեց․

Արդյոք կլինի՛ մինչ գալոց տարի՝
Աստված տա շնչել՝ ինձ կյանք բարի.
Իմ ձեռքս էլ վառե այն սուրբ կրակը[1],
Իմ սիրտս կատարե յուր ջերմ փափագը։

Ինձանից հեռու կփախչիս, անգո՛ւթ բախտ,
Դու կսիրես գգվել հարուստների թախտ.
Մի օր էլ միտ բեր քո խեղճ Ռուստամ,
Որ քեզ պաշտող լինիմ, որ հոգիս քեզ տամ։

Ֆալաք[2], օրենքներդ մի փարա կարժե՜ն.—
Ոսկի օրերդ մեկին տվիր բաժին,
Մյուսին սև սուգ և դառն մրմունջ
Ախ ու վախ քաշել՝ մինչ յուր վերջին շունչ։

Թ՚արդար դատաստան աստված կանե՝
Սեր սիրուց բաժնել խիստ շատ մեղք բան է.
Ինչո՞ւ տեսնում չէ հրամայողն ամպերին,
Որքան տանջվում են Ռուստամն ու Սալբին:

Աշխարհիս միջում, կապույտ երկնի տակ
Հատ հատ տեսե՞լ եք սոնա կամ օրդակ[3]
Կամ թե անտառում տատրակը բաժան
Ման գալու լինի՝ առանց վարուժան։

Ո՛րքան առավել ունի սիրտ հոգի՝
Սալբիի սիրով՝ գերված պատանի.
Պիտ թո՞ղ տալ գերվույն մաշվիլ չարաչար
Տե՛ր, չե՞ս խղճալու, չե՞ս անելու ճար։

Մի խանչալ տվեք, որ սիրտս բանամ,
Ինչ կա նրանում, բոլորն ձեզ ցույց տամ
Թունավոր նետեր, գնդակներ, կապար...
Դուք կասեք դրան՝ վշտերու ամբար։

Ես սիրում եմ քեզ, Սալբի, իմ ազիզ,
Որքան մի հայ մարդ կսիրե յուր Մասիս.

  1. Տյառընդառաջի կրակը, որ վառում են նորափեսաները։
  2. Ֆալաք — երկինք, պարսից բանաստեղծները այդ արաբերեն բառը շատ անգամ գործ են ածում փոխանակ աստուծո։
  3. Սոնա - էգ բադ, օրդակ — արու բադ: