Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես գիտեմ քո գին բարի հրեշտակ,
Դա աննման ես բոլոր երկնի տակ։

Սալբի, իմ Սալբի, հրաշալի՛ Սալբի,
Ե՞րբ աստված կհասցնե «Նասիբը Նասիբի».
Մինչ այդ չկատարվի, քա՜վ թե հրեշտակ
Կարի պահանջել ինձանից հոգի:


ԺԸ

ԵՐԱԶ

Ռուստամը ամբողջ գիշեր չկարողացավ հանգիստ քնել. նրա երևակայությանը սաստիկ ջերմախտական խառնակություն էր տիրել, որով նա տանջվում էր սարսափելի երազներով — երբեմն նրան երևում էր, թե անթիվ, անհամար շներ, գայլեր, կապիկներ իրանց հետքի ոտերի վրա կանգնած, ականջները խլուզած, փիլոնի նման մի սև վերարկու իրանց ուսերի վրա ձգած, անճոռնի և ծիծաղելի կերպով—պա՛ր են գալիս և տեսակ-տեսակ ծամածռություններ ձևացնելով իրանց երեսի վրա՝ իրան ջիգրեցնում էին։ Շատ անգամ նրան զարհուրեցնում էր մի այլ տեսիլք,— իբր թե քուրդերը թափված իրանց գյուղի տների վրա՝ թալան էին անում, տղաներ, փոքրիկ երեխաներ, կին և այլ մարդիկ, յուր աչքի առջև մորթում էին և նրանց գլուխները ուղտի բեռներում լցրած — տանում էին։ Ինքը կամենում էր գնալ, Սալբին որոնել, բայց շղթաներով կապված լինելով՝ չէր կարողանում շարժվիլ։

Բայց մի երազ, որ ավելի տպավորվեցավ նրա երևակայության վրա, մի երազ, որ նա կարող էր հիշել, եթե հազար տարի ևս կյանք ունենար` այսպես էր. — երազում ձևանում էին նրան Աղվանա սարերը և ինքը ձիավորված՝ միայնակ ման էր գալիս այդ սարերի վրա։ Նրանք այնպես տրտում և այրված չէին, որպես լինում են ամեն տարի աշնան որսորդության ժամանակ, այլ հիանալի, այո՛, շատ հիանալի էին։ Այն ամուլ, չոր ու ցամաք ապառաժները և քարաժայռերը՝ ծածկվել էին կանաչ խոտերի թավշյա օթոցներով. և նրանց միջից վառվում էին ծաղիկների բյուրավոր գույներ։ Անտառը, որ ձգվում էր խիստ հեռու սարերի վրա, յուր լիմոնի, նարնջի, մագնոլիայի, դափնիի և այլ մշտականաչ ծառերով