Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջից սողաց մի հսկայական վիշապ։ Սարսափելի գազանը յուր թեքուն պոչը ամրացնելով գետնի վրա, օղակ-օղակ պտտելով վեր բարձրացրեց ահագին գլուխը, և յուր ամեհի բերանը լայն բաց արած, սուր և թունավոր ժանիքներով բռնեց Ռուստամի ծոծրակից և պոչը ձիու փորի տակով անցկացնելով, երկու փաթույթ արեց նրա վրա...։ Մահը յուր սև դեմքով կանգնեց Ռուստամի առաջ։ Տաք արյունը սկսեց ջերմացնել նրա քամակը. ձին՝ երկյուղից խրտնեց, և խռռալով, սաստիկ փնչալով գետին տապալվեց։ Ձին, Ռուստամը և յուր հոգեառը — խառնվեցան միմյանց..․։

Անգիտելի է, թե որպիսի հոգեբանական հարված ունեցավ այդ երազի սարսափելի ներգործությունը Ռուստամի վրա, որով նա առավոտյան ծանր հիվանդությամբ բռնված՝ յուր մահճի մեջ վառվում էր տիֆուսյան ջերմախտով։

Մեծ պասի առաջին օրը լինելով, գյուղացիները՝ տերտերների հետ տունից տուն էին ման գալիս, պաս շնորհավորում, և ուտելով, խմելով ուրախանում էին։ Բայց տեր-Առաքելենց տան մեջ ամեն ինչ միանգամայն փոխվեց։ Ռուստամի ծանր և վտանգավոր հիվանդությունը ձգեց բոլորին անասելի տխրության մեջ։ Տիկին Սկուհին գաղտնի լաց էր լինում. մահտեսի Ավետիսը, ձեռքերը ծալած, լուռ ու մունջ նստել էր մի անկյունում։ Հուրի Խան-Դայան, այդ եփուն և փորձառու պառավը, յուր երկաթի կարծրությամբ սրտով, դա էր միայն հոգս տանում յուր բժշկական հնարներով հիվանդի ցավին մի դարման անելու։

Մերձավոր բարեկամներից և դրացիներից մի քանի մարդ և կանայք եկել էին հիվանդի մոտ, և նստած՝ շրջապատել էին նրա մահճի չորս կողմը։ Հիվանդը, ջերմի սաստկությունից, խորին անզգայության մեջ, կցկտուր բառերով խոսում էր.

«Դըհոլ-զուռնան ածվում է... հարսն ու աղջիկ պար են բռնել... ա՜հ. ինչ ուրախություն է․․․ հա, այդպես վայել է իմ հարսանիքին... տղերք, ձեր հոգուն մատաղ, ուրախություն արեք... հարսանիք է... իմ հարսանիքն է... ահա ես նստած եմ թախտի վրա... խաչեղբայրս կողքիս է... պսակի նարոտը իմ ճտովս գցած...։ Սկուհի, մայրիկ, սիրական, դու ասում էիր՝ ե՞րբ հարսանիք կլինի... ահա քեզ հարսանիք... դե՛, մա՛յրիկ, հոգիս, դո՛ւ էլ պար բռնե... ինչո՞ւ ես շփոթված կանգնել...։ Տո՛ մի թո՛ղ տվեք ես ինքս պարեմ իմ սիրելի Սալբիի հետ․․․ բա իմ ուրախությունը ո՜ր օրվա համար է պահված»։

Վերջին խոսքերի հետ հիվանդը վեր է թռչում մահճից, բայց