Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ մեր վտանգավոր թշնամիներն են, որ միշտ հալածել են մեք և ա՛յնքան ցավալի նեղություններ պատճառել, գրել է մեզ մի ա՛յնպիսի նամակ, որ արտահայտում է նրա անչափ ցանկությունը՝ մեր գործի առաջադիմության համար»։

Նա կրկին վերցրեց նամակը, և յուր ուշադրությունը դարձրեց հետևյալ տողերի վրա.

«Մի գաղտնի զորություն իմ սիրտը քաշում է դեպ ձեր կողմը, երանի՜ թե այդ լիներ սուրբ հոգու ազդեցությունը»։ Մի քանի տողից հետո` «Սողոսին Դամասկոսի ճանապարհում կոչող ձայնը` իմ հոգու ներսից սպառնում է խղճմտանքիս, թե «Սա՛վուղ, Սա՛վուղ, ինչու կհալածես զիս»։ Եվ նամակը վերջանում էր այս խոսքերով. «պատիվ եմ համարում Քրիստոսով մնալ ձեզ միշտ անձնվեր բարեկամ—Սոլոմոն-բեկ Ավազակյանց»։

Մինչ պարոն Աշխարունին տարուբերվում էր խառն մտածությունների մեջ, ծառան հայտնեց հյուրի գալուստը։

— Թող հրամայե,— ասաց նա։

Ներս մտավ մելիքի որդին, փառավոր հագնված, յուր երկու ծառաներով. նա քաղաքավարությամբ սեղմելով պարոն Աշխարունու ձեռքը, անցավ և նստեց սոֆայի վրա, յուր ծառաներին ականացի անելով, որ դուրս գնան և սպասեն դռան մոտ։

— Բարի է ձեր գալուստը,— գլուխ տալով ասաց պարոն Աշխարունին, ասիական քաղաքավարությամբ.— ձեր այցելությունն՝ ուրախացնում է մեզ։

Սոլոմոն-բեկը, ի նշան շնորհակալության, նույնպես շարժեց՝ գլխով։

— Ի՞նչ լուր ունիք Թեհրանից, ձեր հորից,— հարցրուց պարոն- Աշխարունին սովորական ընդունելությունից հետո։

— Վերջին սուրհանդակով նամակը ցույց է տալիս, որ հայրս՝ շնորհ է ունեցել տեսություն ստանալ շահից, թագավորը խիստ շատ բարեսրտություն է ցույց տվել, և խոստացել է կատարել նրա բոլոր խնդիրները։

— Ուրախալի է... բայց ի՞նչ նպատակ ունին խնդիրները։

— Տեղույս հայերի նեղությունների մասին, մի փոքր թեթևացնել հարկերը և խաների անտանելի բռնակալությանց դեմը առնել։

Ծառան մատույց ղահվե շաքարով. և վերջացնելուց հետո տվին նրան ղեյլան. Ավազակյանցը մատուցեց ղեյլանը պարոն Աշխարունուն, բայց նա հրաժարվեց, ասելով թե ծխելու սովորություն ուներ, Ավազակյանցը միայնակ սկսեց ծխել: