Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց իմ հոր գլխավոր խնդիրը ձեր մասին է, որ ես հայտնում եմ ձեզ որպես գաղտնիք,— խոսեց Սոլոմոն-բեկը։— Ատրպատականի գլխավոր հոգևոր առաջնորդի խորհրդով, հայրս պիտի բողոքեր շահին, որ ձեր տունը արտաքսվի այս երկրից։

—Օհո՜...— բացականչեց պարոն Աշխարունին ժպտալով.— հետո՞։

—Հորս մի այդպիսի ձեռնարկությունը չափազանց ընդդեմ լինելով իմ կամքին, ես միշտ գրել եմ նրան, չիցե՛ թե ձեր մասին բողոքավոր լինի Թեհրանում. երկար թախանձելուց հետո, ահա այդ նամակը մի փոքր մխիթարեց ինձ։

Նա դուրս բերեց յուր թղթերի կաշյա պահարանից մի նամակ, որի վերջում դրված այս խոսքերը.—

«Այն մոլորեցուցիչների մասին դու այնքան երկար գրելով, իրավ, ձանձրացրիր ինձ, վերջապես, պատիվ դնելով քո որդիական սիրուն, խոստանում եմ քեզ այլևս չբողոքել նրանց մասին վսեմափառ շահին, ամենևին չհասկանալով, թե դու ի՞նչ նպատակ ունեիր նրանց այդչափ պաշտպանելու»:

— Այդ կնիքը ձեր հո՞րն է,—հարցրուց պարոն Աշխարունին, նայելով մեծ կնիքին, որ դրոշմված էր նամակի վերջում թղթի վրա։

— Հրամեր եք. որովհետև հայրս գրել չգիտե, նա սովորաբար դրոշմում է յուր կնիքը յուր ստորագրության փոխարեն։

Բայց սուտ էր խոսում կեղծավորը. նամակը բոլորովին հնարված էր Ռես Վաստակյանի կյանի ձեռքով. իսկ մելիք Պիլատոս Ավազակյանցը վաղուց էր խնդրամատույց եղել Աշխարունու մասին Թեհրանում։ Բայց բարեսիրտ քարոզիչ յուր բոլոր պարզամտությամբ միանգամայն հավատաց, թե իրավ Սոլոմոն-բեկը իրանց մի այդպիսի բարերարություն է արել։

— Շնորհակալություն,— ասաց նա.— ձեր բարերարությունը աստուծո գործի համար, անվարձ չի մնալ տիրոջ առաջ։

— Ճշմարիտ, ես չեմ կարողանում գտնել բառեր բացատրելու, թե ի՞նչ գաղտնի զորություն է, որ միշտ գրգռում է իմ նախանձը, ո՛րքան կարելի է ուժ տալ աստուծո խոսքի քարոզությանը, այս խավար երկրի մեջ. և միշտ աշխատել մեր ազգայինների լուսավորության և կրթության համար։

— Իհարկե, այդ ձեր պարտքն է. մարդասիրության և ազգասիրության պտուղները ավելի ձեզնից է պահանջելի, քան թե մի աղքատից, որ յուր գլուխը չէ կարողանում պահպանել։