Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—մեր վարժատների աղքատությունը հազիվ է ներում ուսանելու նրանց մեջ մի քանի անտերունչ որբերի միայն։

— Արդարև, ձեր վարժարանի վիճակը այժմ ցավալի դրության մեջն է. և դրա պատճառը, որքան հայտնի է ինձ, չարանախանձ խավարամիտների հալածասիրությունն է։ Բայց ես, պարոն, հաստատ հույս եմ տալիս ձեզ, ո՛չ միայն այդ հալածանքները հեռացնել, այլ ձեր վարժարանի կատարյալ ազատությունը ապահովել, որ սկսի օրեցօր ծաղկել և կատարելագործվել։

Պարոն Աշխարունին խորին մտածությանը մեջ ընկղմվեց։

— Ես իմ քրոջ վարձը,— շարունակեց Ավազակյանցը,— կվճարեմ որքան կարելի է առատ քանակությամբ, որ ո՛չ միայն նրա ուսման և օրինական պահպանության համար բավականանա, այլև հնար կտա նրանով մի քանի խեղճ աղջիկներ կառավարել, որ դուք, չնայելով ձեր այժմյան նյութական անկարողությանը — պահպանում եք ձեզ մոտ ձրիաբար։

— Ուրեմն դուք կամենում եք ձեր քույրը գիշեր ցերեկո՞վ հանձնել մեր հոգաբարձությանը։

— Հրամե՛ր եք. ըստ իմ կարծիքի, միայն չոր և ցամաք ուսումը բավական չէ մի օրիորդի կատարելության համար, գլխավորը մի բարեկարգ կրթությունն է՝ Ավետարանի անաղոտ լուսով, և այդ, այլ եղանակով չի լինի, բայց միայն՝ երբ աշակերտը ամբողջովին է գտնվում յուր դաստիարակների աչալուրջ հսկողության ներքո։

— Ներեցեք, խնդրեմ, որ անմիջապես չե՛մ կարող պատասխանել ձեզ, ձեր քրոջ մասին,— ասաց պարոն Աշխարունին,— ես կհայտնեմ ձեզ վաղը առավոտ։

Վարժատան զանգակները հայտնեցին դասերը սկսվելը։

— Իրավ, ես արգելք եղա ձեզ,— ոտքի վրա կանգնելով խոսեց Ավազակյանցը.— բայց մոռացա հարցնել, ես լսեցի, տեր Առաքելենց պարոն Ռուստամը հիվանդ է, ի՞նչպես է այժմ նրա առողջությունը։

— Խիստ վա՛տ,— պատասխանեց յուր հյուրը ճանապարհ դնելով պարոն Աշխարունին։— Եթե շուտով մի փոփոխություն դեպի լավը չէ լինի, նրա կյանքին հույս չկա։

— Ա՛հ, ցավալի է, ցավալի... բայց և կուզեի տեսնել ձեր գրատունը,— ասաց նա կանգ առնելով նախասենյակում — ինձ պետք է ձեզանից գնել մի հատ Աստվածաշունչ, խիստ շատ եմ սիրում այդ գիրքը։ Թեպետ ես մի հատ ունիմ, բայց այն հիմար