Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բռնել իրան, այնտեղ մտած ժամանակ: Այդ սենյակը յուր աղքատին կերպարանքով շատ նման էր տղայոց դասատանը։ Այստեղ, տիկին Աշխարունին միայնակ, ոտքի վրա, կանգնած սև գրատախտակի առաջ թվաբանության դասն էր բացատրում։ Աշակերտուհիները թվով երեք հոգի էին: Հեռուն, լուռ և մունջ, նստել էր արդեն յուր ուսումը ավարտած չորրորդ աշակերտուհի՛ն — օրիորդ Սալբին։ Պատանի Ավազակյանցը շփոթվեցավ տեսնելով չքնաղագեղ օրիորդին, որ յուր տխրամած դեմքով՝ ավելի ևս հիացուցիչ էր։

Ավազակյանցը մտածեց հնար գտնել մի քանի րոպե այնտեղ ավել մնալու. նա քաղաքավարությամբ մոտեցավ տիկին Սալլաթինին, և նրա ձեռքը քնքշաբար սեղմելով, հարցրուց.

— Ձեր սիրելի աշակերտուհիները միմիայն ուսմա՞մբ են պարապում։

— Ո՛չ, կեսօրից հետո ասղնագործությամբ,— պատասխանեց տիկին Աշխարունին։

— Դուք կհավանեք, պարոն, երբ որ տեսնեք, թե որպես գեղեցիկ նկարներով ասղնագործում են աշակերտուհիները թղթի և կտավի վրա, — ավելացրեց պարոն Աշխարունին։

— Ցույց տվեք, աղաչում եմ, նրանց գործերից. ես շատ ուրախ կլինեմ տեսնելու,— ասաց Սոլոմոն-բեկը։

Տիկին Աշխարունին դուրս բերեց ահագին փայտյա պահարանից գույնզգույն թելերով նկարված թղթերի և կտավների մի ծալք, դրեց գրասեղանի վրա և սկսավ մեկ-մեկ ցույց տալ։

Պատանի Ավազակյանցը, գեղեցիկ ճարտարությանց մեջ առանց որևէ ճաշակ կամ համազգացություն ունենալու` ամեն մինը նայելու ժամանակ, թե լավ և թե վատ, առհասարակ բոլորի համար ասում էր.

— Ա՜խ, հրաշալի՜ է, հրաշալի... իմ քրոջ խելքը կգնա, երբ իմանա թե այստեղ ուսուցանում են այսպիսի գեղեցիկ ասղնագործական նկարներ։

Վերջը նրա ձեռքը հասավ մի հատկապես պատրաստված թուղթ, որ կարված էր ծիածանի գույներով մետաքսյա երիզի վրա. թղթի վրա գույնզգույն թելերով նկարված էր մի բոցավառված սիրտ, որ կրակի ճաճանչներ էր արձակում. նրա ամեն մի կողմը կարմիր սիրուն վարդ, և վերևը՝ գեղեցիկ ասղնագործ տառերով գրված էր. «աստված սեր է», իսկ ներքևը՝ զարմանալի ճարտարությամբ՝ մանր, գույնզգույն տառերով «Հովասաբենց Սալբի»:

Ավազակյանցը չկամեցավ ձեռքից թողուլ այդ հրաշալի նկարը,