Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վառոդի ծխով,— գրում է հեղինակը։ — Տաճիկները պաշարել էին Նրան։ Մի երիտասարդ առաջնորդում էր քաջերի խմբին: Սովի բորբոքված խռովության մեջ նա բարձրացավ ամբարտակի վրա։ Մի առնավուտ զինվոր, դարան մտած ժայռի հետքում, պարզեց յուր հրացանը։ Գնդակը սուլեց, երիտասարդը կրծքից վիրավորվելով, գլորվեցավ գետնին։

Հորիզոնի խավար մթնոլորտից ցոլաց մի աստղ...

Դա Միքայել Բաքոսյանն էր»[1]։ Սա արդեն այնպիսի մի վախճան է, որի ճիշտ նմանը Տուրգենևը գտել էր Ռուդինի համար։

«Տնային փեսա» պատմվածքը նախորդում է Նար-Դոսի «Մեր թաղին» ոչ միայն թեմատիկայով, այլև տիպերի ու կյանքից վերցրած իրական պատկերների նկարագրության ոճով։ Թիֆլիսի Հավլաբարի արհեստավորների կենցաղն ու սոցիալական կյանքը մտնում է Րաֆֆու ստեղծագործությունը։ Անօժիտ Նատոյի դրաման, բախտախնդիր, ոտքից գլուխ այլասերված Ջումշուդ-բեկի տիպը, ուստա Գրիգորի բողոքը՝ ուղղված կյանքի տերերի դեմ, ստեղծում են ռեալ իրականության խիստ շոշափելի պատկերը։ Հապա ղարաբաղցի հայ գյուղացու ժլատ, բայց ցայտուն նկարագիրը։ Րաֆֆու վրձինը խփում է կտավին ռեալիստի հաստատ ձեռքով։ Դագաղագործ ուստա Գրիգորի ուրախությունը սահման չուներ, երբ նա հարուստներին օգնում էր գերեզման իջնել։ «Աղվեսն էն ժամանակն է պետք գալիս, երբ որ սատկում է»— փիլիսոփայում է Գրիգորը, աշխույժ կերպով դագաղներ պատրաստելով եկեղեցու գանձապետի, հացի փոդրադչիկի, վաշխառուի համար։ «Ա՜խ, որքան ուրախ բանում է իմ ուրագն, երբ որ այդպիսիների համար դագաղ է շինում»,— ասում է նա[2]։

Վիպասանի աչքը տեսնում է բուրժուազիայի և՛ ներքին կյանքը։ Ո՞վ է սպանում Սոնային, ո՞վ է ինտելիգենտ Արեսյանի խելագարության պատճառը («Ուխտյալ միանձնուհի»). նույն բուրժուազիան, Սոնայի հարուստ ծնողները, որոնք կրոնի, բարեպաշտության քողի տակ թաքնված, գործում են անթիվ հանցանքներ և որոնց վարագույրը պետք է լիներ բռնի կերպով վանք ուղարկված հարազատ աղջիկը։ Արեսյանը հայ բուրժուազիայի երեսին է նետում իր խրոխտ մերկացումները. «Նրանք կողոպտում են, նրանք հափշտակում են, նրանց ամեն մի արծաթը լի է հազարավոր խեղճերի արյունով և արտասուքով, բայց դրանք չեն երևում, այդպիսի չարագործությունները ծածկվում են բարեպաշտական կեղծ քողով։ Նրանք խլում են աղքատի վերջին կոպեկը և այդ փողով մոմեր են վառում սուրբ պատկերների առջև։ Նրանք հափշտակում են որբերի պատառ հացը և կերա կրում են քահանաներին»[3]։

Քաղաքը Րաֆֆու մեջ առաջ է բերում և՛ սատիրական վերաբերմունք կյանքի երևույթների նկատմամբ։ «Քավթառը» գրվածքում ծաղրվում են «ազգի լուսավորիչները», որոնց հեղինակը տալիս է Ջուրծամող, Սուտ-փրթփրթող, Քավթառ Իծի-մորուք, Սատկած-ոջիլ, Քամի-փչող բնորոշ անունները և որոնք իրականում պարապում են ուտել-խմելով, թղթամոլությամբ, լրբությամբ, կազմել են «մի ամբողջ եզուիտական դաս, զինվորված նրանց բոլոր խորամանկություններով և

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, չորրորդ հատոր, էջ 78, Երևան, Հայպետհրատ, 1956 թ.
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 557, Երևան, Հայպետհրատ, 1955 թ.
  3. Նույն տեղը, էջ 549