Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ի
ԴԵՐՎԻՇԸ

Կես օր էր:

Պարոն Աշխարունիի տանը, տղաների դասատնում, տասը նստարաններից հինգը ամբիոնի աջ, իսկ հինգը՝ ձախ կողմում էին տեղավորված — կարգով: Ձախ կողմի նստարանները, բոլորը բռնված էին կանանցով և վարժատան աղջիկներով, որոնց թվում, զուգված-զարդարված նստել էր առաջին նստարանի վրա Ավազակյանց Ալմաստը՝ Սոլոմոն-բեկի քույրը, որ քանի օր առաջ, ընդունվել էր իբր աշակերտուհի տիկին Աշխարունու մոտ։ Նրա կողքին նստել էր միականի պառավ Գոզեն, քառասուն և հինգամյա աղջիկը՝ Ռես Վասակյանի քույրը, որի ծաղկահար եղած և թռթշնած մռայլոտ դեմքը ավելի նման էր աբեթի կամ սարադի (խարբալի)։ Օրիորդ Գոզեն յուր անհամեմատ տգեղության պատճառով,— ուր մնաց, որ անգութ ծաղիկը տարել էր նրա աչքերից մեկը,— մնաց միշտ աղջիկ։ Ոչ ոք չկամեցավ խնդրել նրա ձեռքը, թեպետ նրա եղբայրը շատ աշխատեց մոլորեցնել մինը յուր քրոջ որոգայթի մեջ, նա, մտադրված լինելով` որպես հավատացնում էր նրա եղբայրը— առանձնանալ մի վանքում, և յուր անձը նվիրել ճգնության և ապրել աստուծո համար, նախամեծար համարեց որպես կամավոր աղախին, ձրիաբար, յուր հոգու համար, ծառայել Ավետարանի դուստրներին՝ Աշխարունու տան մեջ։

Ամբիոնի աջ կողմի նստարանները, բոլորը բռնված էին մարդկանցով, որոնց թվում, առաջին նստարանի վրա, փաթաթված յուր թանկագին մուշտակի մեջ, նստած է Սոլոմոն-բեկ Ավազակյանցը, տված հետակա նստարանին, ձեռքը ծնոտին դրած, միակողմանի թեք նստած, յուր աչքերը ջրած՝ անդադար նայում է յուր սրտի ամենասիրելի առարկային — օրիորդ Սալբիին, որը բոլորի հետևը, նստած լուռ և տխրամած դեմքով, ասես թե նրա ուշքը ու միտքը բարձրացած, խելքը հափշտակված՝ տարվել էր մի այլ աշխարհ, և այնտեղ ողբում էր մի բոլորովին այլ առարկայի համար...։

Տիրում էր խորին լռություն։ Քարոզիչը ամբիոնի վրա կանգնած թերթում էր Աստվածաշունչը, նշանակելով յուր քարոզության հարկավոր վկայությունները սուրբ գրքից:

Երբ այդ փոքրիկ եկեղեցու բոլոր անդամները հավաքված էին, քարոզիչը ժամացույցին նայելով հայտնեց երգվելիք երգերի