Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխը։ Ժողովրդի ամեն մինը յուր ձեռքի երգարանի մեջ բաց արին ցույց տված երգը և բոլորը, այր և կին, տղա և աղջիկ սկսեցին միաձայն, ջերմեռանդ և քաղցր եղանակով ներդաշնակել հոգևոր տաղերգը։

Երգից հետո կրկին տիրեց լռություն։

Քարոզիչը ոտքի ելավ, յուր ջերմեռանդ հայացքը դեպ վեր բարձրացնելով, աչքերը խփած, մտքով երկինքը վերացած, սրտառուչ և ազդու եղանակով — կարդաց մի հրաշալի աղոթք։

Աղոթքից հետո քարոզիչը բացեց նոր կտակարանում երկրորդ Կորնթացոց ժա գլուխ 29 համարը, և սկսեց կարդալ. «Ով կտկարանա, ու ես չեմ տկարանար, ո՛վ կգայթակղի, ու իմ սիրտը չայրիր»։ Եվ Պողոս առաքյալի այդ խոսքը իբրև բնաբան ընտրելով, պարոն Արամը ատենախոսեց։ Նրա շրթունքներից մեղր ու կաթ էին ծորում, և քաղցրալուր ու գրավիչ խոսքերով հեղհեղում էր նա աստծո բանի քարոզությունը։ Նրա արտասանությունը, ճարտասանական ձևերը, նրա բոլոր խորհրդական շարժմունքների հետ զուգավորված՝ հալում, թափում էին Ավետարանի խրատները ունկնդիրների գլխի մեջ։

Բայց այդ հռետորի ատենախոսությունը ոչ մի ազդեցություն չարեց Սոլոմոն-բեկի բթացած և սառած ուղեղի վրա, որ նույն րոպեում, ո՞վ գիտե որպիսի երևակայական ցնորքներով էր հրապուրված։ Նա, յուր ապառնի հույսերով ոգևորված, աչքերը անթարթ լարած՝ նայում էր օրիորդ Սալբիի վրա։

Քարոզից և կրկին տաղերգությունից հետո, պարոն Արամի նշանի վրա, եղբայրները ոտքի ելան, և պարոն Մելիքզադեն սկսեց աղոթել, միևնույն ժամանակ խնդրելով աստծուց առողջություն իրանց եղբայր Ռուստամի համար։

Այդ աղոթքը դառնացրեց Սոլոմոն-բեկի սիրտը, նա չէր ուզում աղոթեին այն մարդու համար, որի կյանքը այնքան անտանելի էր իրան, ա՛յնքան վայրենի և անգութ սրտով նրա մահն էր ցանկանում:

* * *

Միևնույն ժամուն, երբ Քրիստոսի այդ փոքրիկ հոտը հավաքված անցնում էին տիրոջ շաբաթը աղոթքով և սուրբ գրքի ընթերցանությամբ, տիկին Թարլանը, յուր փեսայի տեսության գնալով, նստած Հուրի Խան-Դայայի մոտ՝ ծանր ու բարակ խոսում էին։