Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ հիմարների բոլոր գործերը այնքան անխելքությամբ են, որպես իրանը բռնած ճանապարհը (կրոնքը),— ասաց վերջապես Հուրի Խան-Դայան։— Էլ ի՞նչ ասեմ, խնամի, սիրտս այրվում կրակվում է, չեմ կարում խոսել․․․ մաշեցին, սպանեցին իմ խեղճ թոռնիկը, տալով մի ցնդած ինկլիզ բժշկի ձեռքը, որ ոչ լեզու է իմանում և ոչ էլ խոսք հասկանում։

— Հա՛, այդպես է, խնամի,— պատասխանեց տիկին Թարլանը։

— Բայց նրանց ականջ դնելու չէ. դու քո գիտցածը ձեռքից մի թողուր, թոռիդ ճարն արա՛։

— Է՜հ, եթե ինձ իմ կամքին թողնեին, հիմա Ռուստամը տասն անգամ առողջացած կլիներ։ Բայց այժմ, ո՞վ է ծերին պատիվ դնողը, ո՞վ է նրա խրատը լսողը․ ամեն մարդ ինքնագլուխ է դարձել.— ինչ որ խելքին փչում է՝ անում է. աշխարհս փոխվել է.— հույս, հավատ չէ՛ մնացե. ո՛չ աստված են ճանաչում և ո՛չ սուրբը. ո՛չ խունկ են իմանում և ո՛չ մոմը, ո՛չ խաչը և ո՛չ պատկերը, ո՛չ մասը և ո՛չ էլ մասունքը... ամենքը դարձել են անաստված։

Ներս է մտնում Նազլու աղախինը։

— Աղջի, ի՞նչ եղավ, չեկա՞վ Դերվիշը,— հարցրեց Հուրի Խան-Դայան։

— Դերվիշը դռանը սպասում է,— պատասխանեց աղախինը։

— Ասա՛, թող գա,— հրամայեց տանտիկինը։

Մի քանի րոպեից հետո ներս մտավ Դերվիշը,— մի բարձրահասակ և նիհար մարդ․ նրա դեմքը սոսկալի էր— և արևից այրված․ աչքերը վառվում էին կատաղի կերպով։ Նա հագած ուներ մի սպիտակ շապիկ, որ իջնում էր մինչև նրա մերկ ծնկները: Կուրծքը բաց, նույնպես այրված արևից, գլուխը առանց գդակի, երկայն ծամերը կապած էր մազե թելերից հյուսած վարսակալով: Նրա հոլանի, բոլորովին մերկ թևերի բազուկների վրա՝ փաթաթված էին նրա սև թասբահները: Ուսին գցած ուներ յուր փոստ փալանքին (ընձու կաշին)։ Աջ բազուկից քարշ էր գցել փաշկուլը. կշտից կախել էր յուր նաֆիրը (եղջերափողը) և ջուլբանդը (մախաղը), որի մեջ դրած էին մի քանի գրքեր։ Նա, ձեռքին բռնած յուր հաստ գավազանը, առաջ եկավ, և յուր սովորական եղանակով ողջունեց, ասելով.

Յա՛-հու-հակ:

Հուրի Խան-Դայան և տիկին Թարլանը տարան նրան հիվանդի մոտ։ Դերվիշը նստեց հիվանդի մոտ և աչքերը պշուցած՝ սկսեց