գրված է, որ մենք մեր ապրուստի, մեր ուտելու և հագնելու մասին ևս հոգս չունենանք։
— Ճշմարիտ, այդպես է,— պատասխանեց քահանան,— «Մի այսուհետև հոգայցեք. և ասիցէք, զի՜նչ կերիցուք, կամ զի՛նչ արբցուք, կամ զի՛նչ զգեցցուք...։ Հայեցարուք ի թռչունս երկնից, զի ո՛չ վարեն, ո՛չ հնձեն, և ո՛չ ժողովեն ի շտեմարանս և հայրն ձեր երկնաւոր կերակրէ զնոսա...։ Եւ վասն հանդերձի մի հոգայք, հայեցարուք ի շուշանս վայրենի, ո՞րպես աճե, ո՛չ ջանայ և ո՛չ նիւթէ»։
Բժիշկը իսկույն չափեց հայ քահանայի հասկացողության ամբողջ սահմանը։
— Արդարև,— ասաց նա— եթե աստված ստեղծած լիներ մեզ երկնքի թռչունների նման, և եթե մեր արմատը դներ գետնի մեջ վայրենի շուշանների նման, մենք խիստ սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար։
— Ի՞նչպես,— աչքերը լայն բացելով հարցրուց քահանան:
— Այնպես, որ բնությունը ինքը բուսցնում է վայրի շուշանները գետնից— իրանց ամբողջ զգեստավորությամբ։ Նրանց հանդերձները աճում, կատարելագործվում են նրանց կյանքի հետա այդ պատճառով նրանք կարոտություն չունին ոչ գործվածքի — հագուստի համար, և ո՛չ դերձակի — կարելու համար։ Բայց մարդը, բոլոր կենդանիներից ամենատկարը աստծու ձեռքով ստեղծված լինելով, կարոտ է յուր կյանքի և յուր ապրուստի հոգածությանը։ Ինչո՞ւ, որովհետև նրա լերկ և մերկ մարմինը զգում է եղանակների բոլոր փոփոխությունները— արևի տոթը այրում է նրան, ցրտի սաստկությանը չէ դիմանում, որովհետև մարդուս մարմնի մերկությունը՝ կաթնակեր անասունների նման՝ բրդով կամ մազով չէ պատած, և ո՛չ երկնքի թռչունների նման՝ փետրով, որ առանց հոգածության, ինքնուրույն փոխվեր և նորոգվեր որոշյալ ժամանակներին։ Ուրեմն մենք չենք կարող չհոգաք թե «ինչ պիտի հագնենք»։ Իրավ, երկնքի թռչունները չեն վարում, չեն հնձում, ոչ էլ ժողովում են իրանց ամբարներում, որովհետև բնությունը- աստծո այդ համատարած ամբարը—ձրիաբար և անաշխատ՝ բաշխում է նրանց կյանքի բոլոր պիտույքները։ Բայց մարդը սովոր չէ ուտել խոտ, բանջար, և կերակրվել հունդերով, որ ամենուրեք պատրաստի գրած են բնության սեղանի վրա. նա պիտի ճակատի քրտինքով վաստակե յուր հացը, Եվ մարդը մեքենաբար այնպես չէ կազմված, որ յուր մարմնի զենքերով կարողանա պաշտպանել յուր անձը — նա յուր եղունգներով և ատամներով —