այն ժամանակ ես չեմ կարող անպատվություն տանել, իսկ դու՝ անարգանքներ կրել սովորել ես...։
Ռեսը մի քսակ ոսկի ստանալով, դիմեց դեպ մըստր Սեյսունի տունը։ Առաջին խաբողը, յուր խորամանկությամբ ոգևորված՝ այնպիսի ուրախությամբ չսողաց նախաստեղծների անմեղ բնակարանը— դրախտը, որպես Ռես Վասակյանը, չարության մտքերով լի՝ մտավ բժշկի տունը: Այդ եղեռնագործը կարծում էր, թե արծաթի մեջ կա այն ուժը և կարողությունը՝ ինչ որ չկա աստծո մեջ: «Թեթևամիտ անգլիացի է. մտածում էր նա հաստատ հույսով — ես նրա համոզումը կորսամ ա՛յս քսակով...»:
Նա գտավ բժշկին յուր դեղարանում միայնակ նստած:
— Դոկտոր, դուք կարո՞ղ եք լինել այնքան ողորմած, որ շնորհեք ինձ մի քանի րոպե ձեզ հետ գաղտնի խոսելու,— հարցրուց նա փաղաքշաբար բռնելով բժշկի ձեռքը։
— Խոսեցեք,— պատասխանեց նա սառնությամբ,— ոչ ոք ձեզ չի արգելի:
— Բայց նախապես, ինձ պետք է ստանալ ձեր խոստմունքը, որ իմ ասելիքս կմնա ձեզ մոտ իբրև գաղտնիք, եթե ես չկարողանամ օգտվել ձեր հաճությունից։
— Դժվար է խոստանալ մի բանի մասին, որ մեզ հայտնի չէ՛։
Ռեսը մտածության գնաց։ Բժշկի սառնասրտությունը փակել էր նրա բերանը։ Նա չէր համարձակվում վստահանալ և իսկույն հայտնել յուր նպատակը, բայց նրա անամոթությունը խրախույս տվեց նրա սրտին. «ինչ վնաս ունի, եթե գործը անհաջող ելք ստանա», մտածեց նա, ասելով.
— Բարեհաճեցեք դոկտոր, լսել այդ՝ թեև անտանելի — հարցումը. կարո՞ղ էիք դուք ձեր դեղերը որևիցե հիվանդի համար գործադրել դեպ վատը, այսինքն՝ դեպ նրա մահը։
Մըստր Սեյսունի սիրտը դղրդեց այդ օտարոտի հարցումը:
— Ես բժիշկ եմ, և ո՛չ դահիճ,— պատասխանեց նա շփոթվելով։
— Բայց երբ հարկադրում էր ձեզ դեպ այդպիսի մի ձեռնարկություն մեծակշիռ նյութական օգուտը, օրինակ, ահա, այս ոսկիներով լի քսակը:— Եվ Ռեսը դրեց բժշկի առաջ հուդայան արծաթները։
Մըստր Սեյսունի աչքերը վառվեցան անսովոր բարկությամբ.
— Հեռացեք, դավաճան,— կոչեց անգլիացին, ոտքով դեն գցելով քսակը,— դուք կամենում եք կաշառել ինձ և մա՞հ գործել