տալ։ Կորեք այստեղից, ես չեմ կամենում տեսնել ձեզպիսի նենգավոր։
— Փա՜հ, փա՜հ, կատակը դիպավ յուր նպատակին...— ասաց Ռեսը ծիծաղելով և միաժամանակ ծածկելով յուր խորին վրդովմունքը։— Պարոն դոկտոր, դուք խիստ շուտ բարկացաք, բայց վնաս չունի, ազգային բնավորություն է այդ— անգլիական արյունը դյուրագրգիռ է...։ Բայց բարեհաճեցեք հավատալ, որպես անկեղծ խոսքի, որ իմ առաջարկությունը ոչինչ չէր, բայց միայն փորձ:
— Ո՞րպիսի փորձ,— հարցրուց բժիշկը, դեռ չհանգստացած յուր բարկությունից։
— Մի քանի օր առաջ ես գտնվեցա մի տան մեջ, որտեղ կային մի քանի անձինք. այնտեղ խոսք բացվեց ձեր մասին. մինը սկսեց չարաչար բամբասել ձեզ, ա՛յլև ամբաստանել կեղտոտ արատներով, թե դուք Պոլսում, քանի քանի անգամ կաշառված լինելով, շատ հիվանդներ եք սպանել, և թե մեծ անխելքություն էր վստահանալ ձեր բժշկական օգնությանը։ Բայց իմ խղճմտանքս չէ ներում ստախոսություններ լսելու, իսկույն այն ստախոսին հակառակ դուրս եկա, և երկար հակաճառություններից հետո, պայմանադրվեցա փորձել ձեր հավատարմությունը. այժմ, պարոն, ես շատ ուրախ եմ, որ տարա մրցանակը, որովհետև սխալված չեմ եղել իմ կարծիքի մեջ։
Այդ ճարտար գյուտը, որ վայրկենապես ստեղծեց Վասակյանի հնարագետ խելքը, բոլորովին հանգստացրեց բժշկին, և նա, զղջալով յուր շուտափույթ բարկության համար, բռնեց Ռեսի ձեռքը, ասելով.
— Ներողություն, Ռես, հազար անգամ ներողություն։
— Վնաս չունի, որպես ասացի՝ ազգային բնավորություն է, բայց ես գիտեմ ձեր բարեսրտությունը։
— Բայց ես խնդրում եմ, եթե կարելի է, հայտնեցեք այն մարդու անունը,— ասաց մըստր Սեյսունը։
— Այդ չեմ կարող անել. բայց դուք, երկմտությունից բոլորովին դուրս գալու համար՝ կստուգեք այդ խոսքերի ճշմարտությունը Սոլոմոն-բեկից, որովհետև այդ խոսակցությունը տեղի է ունեցել նրա տան մեջ։ Այժմ մնաք բարյավ։
Ռեսը հեռացավ, վշտացած յուր ձեռնարկի անհաջողության վրա։ Նա շատ ուրախ էր, որ չհիշեց Ռուստամի անունը։ Խորին մտահուզության մեջ, նա դիմեց դեպի Ավազակյանց տունը, որպեսզի Սոլոմոն-բեկին հայտնե այն օրվա անցքը, և պատվիրե