նրան, որ նա ևս, պատահած ժամանակ, եթե բժիշկը հարցնելու լիներ, յուր խոսածին վկայություն տար։
Բայց նույն րոպեին նրա գլխում լույս ընկավ մի նոր միտք, և նրա սև տրեխի գույնով կնճռված երեսը պարզվեց։ «Ա՛յն, որ չընդունեց կատարել մարմնավոր բժիշկը, անշո՛ւշտ կկատարե — հոգևոր բժիշկը...», ասաց նա յուր մտքի մեջ — դիվական հրճվանքով։
ԻԱ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՎԱԾ
Այն նահանգը, որտեղ կատարվում է մեր վիպագրության նյութ ծառայող անցքը, տեղավորված էր Ատրպատականի այն մահլի մեջ, որի արևմտյան սահմանակից սարերի մեջ բնակում էին քրդերի թափառական ցեղեր, որոնք, որպես պատերազմասեր բարբարոսներ, շատ անգամ ավազակաբար հարձակվում էին նրա բնակիչների վրա, կողոպտում, ավար տանում նրանց ոչխարները, տավարների նախիրները և շատ անգամ չարաչար սպանելով բնակիչները։ Այս պատճառով, այն սարերը, որտեղից նրանք դուրս էին գալիս, կոչվում էին դուշմանա սարեր, այսինքն թշնամյաց սարեր։
Օսմա-աղա քուրդը անխնա ասպատակում էր երկիրը։ Բոլոր Զարեհավանը լցվել էր շիկակների, ռավանդների, հարքիների և քրդերի այլ բարբարոս ցեղերի ավազակներով։ Բնակիչներից ոմանք Հովատար և Ճարա բերդերը փախչելով հազիվ ազատվեցան։ Իսկ մնացյալները՝ իրանց կյանքով զոհ գնացին թշնամու անգութ սրին...[1]։
Տեր-Առաքելենց տանը, Ռուստամի սենյակում, արեգակը ճառագայթում էր թույլ և աղոտ լույսով։ Հիվանդի մոտ նստած
- ↑ Ապրանքի և գույքի կողոպտվիլը, այդպիսի միջոցներին մի բարի բան է անբախտ հայերի համար, և շատ անգամ, հաղթողի ձեռքը գերի գնալը՝ նույնպես ուրախացրել է նրանց: Բայց այն չար դեպքերը՝ երբ, շատ անգամ հայերը իրանց գլուխներով են զոհ դարձել թշնամու սրին — մինչև հավիտյան մարել են ամբողջ գերդաստանների տան ծուխը...: Անգութ թշնամիները, կողոպտելով իրանց զոհերը բոլոր ընչից, մի բան՝ որ նրանց կարող էր մի քանի կրան օգուտ բերել, այդ ևս չեն խնայում — այդ՝ նրանց գլուխներն էին, որ կտրում, տանում էին, իրանց մեծավորներին ընծայում՝ և նրանց թվով ստանում արծաթ...։