էին՝ տեր Մարկոսը և Հուրի Խան-Դայան: Քահանան պատմում էր, թե որքան վնասներ են գործել քուրդերը, և թե շատ երկյուղ կար, որ նրանք հարձակվեին Ծաղկավանի վրա ևս։ Այդ դիպվածին տեր Մարկոսը խորհուրդ էր տալիս, որ ժողովուրդը հավաքվել եկեղեցում, և նրա տանիքից, հարկավորած ժամանակ, կռվեին, թշնամիների հետ։
— Գերիների վիճակը միշտ այդպես է...— կրկնեց հիվանդը դառն եղանակով:
— Մի թույլ, փոքրուղի և երկչոտ ազգ միշտ ապրում է հալածանքի մեջ:
Քահանան կրկնում էր, թե այդ հալածնքները ուրիշ ոչինչ չեն, բայց միայն աստուծո բարկություն, որով կամենում է պատԺել հայերը, իրանց մոլորությունների համար։
— Ո՛չ, տե՛ր հայր,— մեջ մտավ Հուրի Խան-Դայան,— դրանք բոլորը ուղիղ նշաններ են, որ ցույց են տալիս, թե աշխարհիս վերջը հասել է։ Դեռ ո՜ւր է... շա՛տ չարիք պիտի տեսնեն մեր մեղավոր աչքերը — սով, սրածությունք, մահտարաժամք, սուտ մարգարեներ, սուտ քրիստոսներ,— իսկ բոլորից հետո կհայտնվի Նեռը. նստած յուր ահագին խայտաճամուկ իշու վրա, որի ականջների միջի տարածությունը երեք մղոն է։ Նրա քամակը կնմանի մի ընդարձակ դաշտի, որի վրա հոսում էին ջրի առվակներ, ա՛յլ և այդ զարհուրելի անասունի մեջքի վրա կազմված են հաց թխելու թոնիրներ և ցորենի ամբարներ։ Բոլոր ազգերը, նեղված սովից, կդիմեն դեպի Նեռը. «ինձ հավատացեք, ինձ երկրպագություն տվեք», կա՛սե նա, «ես ձեզ կկերակրեմ հացով, և սառն ջուր կխմեցնեմ ձեզ»: Եվ երկրպագողները կտանե յուր մոտ, ավանակի վրա։ Նույն օրերին կհայտնվին աջուջ-բաջուջները. նրանք ունեին մեկ թզաչափ հասակ, բայց այնպիսի երկար և լայն ականջներ, որ գործ են ածում որպես սփռոց գետնի վրա նստելու ժամանակ, իսկ քնելու միջոցին՝ փաթաթվում են նրանցով, որպես վերմակներ...:
Սնահավատ Հուրի Խան-Դայայի այդ առասպելական զրույցները զարթեցրին քահանայի մտքի մեջ ավետարանական բանի հիշողությունը, և նա ջերմեռանդությամբ սկսեց կարդալ այս խոսքերը.
— Յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան... և եղիցին սովք և սրածութիւնք, եւ սասանմունք ի տեղիս-տեղիս...։ Եւ բազում սուտ մարգարէք յարիցեն և զբաղումս մոյորեցուսցեն...։ Եւ վաղվաղակի յետ նեղութեան աւուրցն այնոցիկ, արեգակն խաւարեսցի եւ լուսինն ոչ տայցե զլոյս իւր...։